Ինչու են ուզում փոխել ԱԱԾ աշխատակիցների համազգեստը. Վանեցյանի պատասխանը

Արթուր Վանեցյանը վստահեցրել է, որ ԱԱԾ աշխատակիցների համազգեստը փոխելով` պետական միջոցներ չեն վատնելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների համազգեստը չի փոխվել արդեն 50 տարի, դրանով է պայմանավորված համազգեստների փոխման անհրաժեշտությունը։ Այսօր՝ փետրվարի 1-ին, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Փոխվել են շևրոնները, ԽՍՀՄ–ի փոխարեն գրվում է Հայաստանի Հանրապետություն, բայց համազգեստը չի փոխվել»,–նշեց նա։

ԱԱԾ տնօրենի խոսքով՝ այն համազգեստը, որ ինքն է հագնում, մեծ ոգևորություն է առաջացրել ԱԱԾ աշխատակիցների շրջանում, և բոլորը փորձում են այդ համազգեստը հագնել։

Ինչու են ուզում փոխել ԱԱԾ աշխատակիցների համազգեստը. Վանեցյանի պատասխանը

Նրա խոսքով` դա փորձնական տարբերակ է։

«Տաբատը մեր հիմնական համազգեստի տաբատն է, բաճկոնն է ավելացել։ Բաճկոնն էլ որպես այդպիսին ունեինք համազգեստի ցանկում, միայն մի քանի բան է փոխվել»,– ասաց Վանեցյանը` ավելացնելով, որ համազգեստի փորձնական տարբերակը զրահապատ չէ։

Հարուցվել է արդյո՞ք քրեական գործ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հոր դեմ. պարզաբանում է ՊԵԿ–ը

«Զրահապատի կարիք չկա։ Համազգեստը պետք է լինի հարմարավետ, որովհետև մարդիկ ամբողջ օրը, երբեմն նաև մի քանի օր, համազգեստը չեն հանում իրենց հագից»,– ասաց ԱԱԾ տնօրենը։

Նրա համոզմամբ՝ համազգեստը նաև պետք է գեղեցիկ լինի, հատկապես կարևոր սահմանապահ զորքերի ծառայողների դեպքում։

«Համազգեստը նաև պետք է լինի աչքի համար գեղեցիկ։ Ես ասել եմ, որ առաջնահերթ փոփոխության են ենթարկվելու սահմանապահ զորքերի հսկիչ անցագրային կետերի զինծառայողների համազգեստները, որովհետև ՀՀ եկող զբոսաշրջիկները, օտարերկրյա քաղաքացիները և մեր քաղաքացիներն առաջինը շփվում են սահմանապահ զորքերի աշխատակիցների հետ, իսկ նրանք զինվորական համազգեստով շատ խիստ են ու օտարերկրացիներին հիշեցնում են խորհրդային տարիները, որտեղ ոչ այդքան լավ մթնոլորտ էր տիրում այդ առումով, իսկ գեղեցիկ համազգեստով ծառայողները ՀՀ մուտք գործող քաղաքացիների վրա այլ տպավորություն կթողեն»,– եզրափակեց Վանեցյանը։

Նա վստահեցրեց`համազգեստը փոխելով պետական միջոցներ չեն վատնում, ծախսում են այն միջոցները, որոնք պետական միջոցներից հատկացվում են ԱԱԾ համազգեստի համար, միայն փոխվում է դիզայնը։ Ըստ Վանեցյանի` այդ դիզայնը փոխում են ոչ թե թանկարժեք դիզայներները, այլ հենց իրենք` հաշվի առնելով արտաքին տեսքն ու հարմարավետությունը։