ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիա պաշտոնական այցի շրջանակում այսօր հանդիպել է Քյոլնի քաղաքապետ Հենրիետե Ռեքերին:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, Քյոլնի քաղաքապետն անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին` նշելով, որ քաղաքն իր ներդրումն է ունեցել այդ գործում և ի Հայոց ցեղասպանության զոհերի՝ տեղադրվել է խաչքար: Նա ընդգծել է Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացի շարունակականության կարևորությունը և նշել, որ պետք է աշխատել համաշխարհային հիշողության քաղաքականության մշակման ուղղությամբ:
Իր հերթին վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը և հայ ժողովուրդը բարձր է գնահատում 2016 թ. Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունումը: «Մեզ համար Ցեղասպանության ճանաչման գործընթացը ոչ միայն պատմական փաստի ճանաչման անհրաժեշտություն ունի, այլև մեծ կարևորություն՝ հետագա հնարավոր ցեղասպանությունները կանխելու տեսանկյունից: Ճշմարտությունը պիտի արձանագրվի դրա դատապարտելիությունն արձանագրելու համար: Նշեմ, որ ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր մաս է ցեղասպանությունների կանխարգելման միջազգային գործընթացի առաջմղումը, և Հայաստանի Հանրապետությունն այդ գործընթացի ակտիվ մասնակից է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են համագործակցության հաստատման և զարգացման հնարավորությունները:
Հենրիետե Ռեքերը բարձր է գնահատել Քյոլնի հայ համայնքի (Գերմանիայի տարածքում ամենամեծ) դերակատարությունը քաղաքի զարգացման գործում և կարևորել այն հանգամանքը, որ Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդարանը գտնվում է հենց Քյոլն քաղաքում:
Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Քյոլնն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում մշակութային ժառանգության պահպանման գործում և առաջարկել դիտարկել Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրու հետ գործակցության հաստատման հնարավորությունը: ՀՀ կառավարության ղեկավարի խոսքով` երկրաշարժից տուժած Գյումրին մշակութային հարուստ ժառանգություն ունի, և այս ոլորտում Քյոլնի հետ փորձի փոխանակումը կարող է օգտակար լինել: Քյոլնի քաղաքապետը ողջունել է առաջարկությունը և պատրաստակամություն հայտնել քննարկել մանրամասները:
Նիկոլ Փաշինյանը ստորագրել է քաղաքապետարանի Պատվո հյուրերի գրքում: Ի պատիվ ՀՀ վարչապետի՝ Նորդրայն-Վեստֆալեն երկրամասի Եվրոպական և միջազգային հարցերի նախարար Շտեֆան Հոլթհոֆ-Փֆյորթների կողմից տրվել է պաշտոնական ճաշ: