Երևանում տղամարդը ծեծել է 55–ամյա կնոջն ու դրամարկղից հափշտակել գումարը. տեսանյութ (18+)

ՀՀ ոստիկանությունը հրապարակել է Երևանի կենտրոնում գտնվող բուքմեյքերական գրասենյակում տեղի ունեցած հարձակման կադրերը։
Sputnik

Հունվարի 27-ի գիշերը, ժամը 3-ի սահմաններում, ոստիկանության Մարաշի բաժանմունքում ավազակային հարձակման վերաբերյալ ահազանգ ստացվեց։ Անհայտ անձը հարձակվել էր Ալեք Մանուկյան փողոցում գտնվող բուքմեյքերական գրասենյակի 55-ամյա աշխատակցուհու վրա։

Դրամարկղից վերցրել էր 800 հազար դրամ ու փախել։

Կինըտեղափոխվել էր հիվանդանոց։ Մեկնած ոստիկաններին բժիշկը տեղեկացրել էր, որ տուժածն ի վիճակի չէ հաղորդում տալ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ավազակության հատկանիշներով։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Ձեռնարկվել են ծավալուն օպերատիվ-հետախուզական և փնտրողական միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։ Ոստիկանների տեսադաշտում կասկածյալ հայտնվեց։

Ավազակություն կատարելու մեջ կասկածվող անձը հունվարի 30-ին հայտնաբերվել է մայրաքաղաքի Շիրակի փողոցում։

Երևանի բնակիչ, 27-ամյա Արտակ Աբրահամյանն էր։ Նրա բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել է հափշտակված գումարի մի մասը։

Հայտնաբերված դրամն առգրավվել է, Արտակ Աբրահամյանը՝ ձերբակալվել։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Կատարվում է նախաքննություն։