Կարասինը խոսեց «Վերին Լարսի» այլընտրանքային նախագծի մասին

Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինն ասաց, թե ինչ հանգամանքներում կգործարկվի Վերին Լարսի այլընտրանքային երթուղին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. «Վերին Լարս» հսկիչ անցակետի այլընտրանքային տարանցման միջանցքը Հայաստանի ապրանքների համար կարող է գործարկվել 2011 թվականին կնքած վրաց–ռուսական համաձայնագրի իրականացման շրջանակում։ Գործարկման պարագայում երթուղին կանցնի Հարավային Օսեթիայով։ Պատասխանելով Sputnik Արմենիայի թղթակցի հարցին` այս մասին ասաց Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը Երևանում կայացած ճեպազրույցի ժամանակ։

Ինչպե՞ս ազատվել Վերին Լարսի խնդրից. Հայաստանում գիտեն, մնում է Վրաստանը

Խոսքը Աբխազիայի և Հարավային Օսեթիայի միջով անցնող միջանցքների մասին է, որոնք նշված են 2011 թվականի վրաց–ռուսական «Մաքսային վարչարարության և ապրանքների առևտրի մոնիտորինգի մեխանիզմների հիմնական սկզբունքների մասին» համաձայնագրում։ Մի շարք խնդրահարույց հարցերին լուծում տալուց հետո, ըստ նախագծի, առավել հավանական է Հարավային Օսեթիայով անցնող ճանապարհը։

«2011 թվականի համաձայնագրի իրականացմանը Ռուսաստանը դրական է վերաբերվում, մենք մտադիր ենք իրականացնել ստանձնած պարտավորությունները, այն ժամանակվանից երկար տարիներ են անցել։ Շատ կարևոր կլինի Վրաստանի, Ռուսաստանի ներկայացուցիչների և Շվեյցարիայի մասնակցությամբ եռակողմ կոմիտեի առաջին հանդիպումը։ Շվեյցարիան ներկայացնում է SGS ընկերությունը, որն էլ հենց իրականացնելու է այդ նախագիծը», – ասաց Կարասինը։

«Դա մեզ համար սկզբունքային խնդիր է». Փաշինյանը` Վերին Լարսի մասին

Եռակողմ հանդիպումը նախատեսված է անցկացնել Ժնևում փետրվարին։ Կարասինը նշեց, որ հանդիպումից հետո կողմերը կփորձեն լոգիստիկայի տեսանկյունից հաշվարկել քայլերի հաջորդականությունն ու կսկսեն իրականացնել նախագիծը։

«Հույս ունեմ, որ նախագիծը կօգնի Հայաստանի ապրանքների համար տարանցման ևս մեկ միջանցք բացել, սակայն պարզեցնել պետք չէ, տարածաշրջանն իր խնդիրներն ունի, մի շարք պետությունների քաղաքական կարգավիճակի առումով տարաձայնություններ կան», – ասաց Կարասինը։

Մասնավորապես առկա է Հարավային Օսեթիայի կարգավիճակի հարցը, որի միջով պետք է անցնի միջանցքը։ Կարասինը ևս մեկ անգամ ընդգծեց, որ դա նուրբ հարց է, որը կքննարկվի վրաց գործընկերների և շվեյցարական կողմի հետ։

«Մենք կտեղեկացնենք մեր հայ գործընկերներին», – ասաց Կարասինը։

Հիշեցնենք` Ռուսաստանից Հայաստան բեռնափոխադրումների ավելի քան 80%–ն իրականացվում է 19-րդ դարի սկզբում նորոգված և Ռազմական վրացական անվանումը ստացած ճանապարհով, որը մինչ այդ գոյություն է ունեցել հնագույն ժամանակներից: Դրա մասին պատմում է նույնիսկ հույն պատմիչ Ստրաբոնը: «Վերին Լարսը» Ռուսաստան-Վրաստան սահմանային անցակետն է։

Հայկական բեռները Ադրբեջանի «հագով» չեն. Վերին Լարսի առաջարկված նոր այլընտրանքը անպիտան է

Այսօր փորձագետներն այլընտրանքային վեց տարբերակ են դիտարկում` օդային, ծովային (Փոթիից), երեք ցամաքային (Հարավային Օսեթիայի միջանցքը, Դաղստանով Ավարա-կախեթական և Վերին Լարսի ճանապարհները) և երկաթուղայինը (անցնում է Զուգդիդի-Սոչի երթուղով և Աբխազիայի միջով)։

Սակայն տնտեսական տեսանկյունից Հայաստանի համար առավել նախընտրելի է Նառ (Հյուսիսային Օսեթիա)–Գորի երթուղին, որն անցնում է Հարավային Օսեթիայով։

Այն երկար է Լարսից 80 կմ–ով, բայց նախընտրելի է ավելի բարենպաստ կլիմայական պայմանների և ռելիեֆի շնորհիվ։