Պարգևավճարներն արդեն ավելի արդարացի կբաշխվեն. Փաշինյանը բացատրեց` ինչպես

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով` պետական կառավարման համակարգի խնդիրները պետք է լուծել այնպես, որ հոնքը սարքելու հետ աչքն էլ դուրս չգա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Պետական բոլոր գերատեսչությունների համար հավասար պարգևատրման ֆոնդ է սահմանվել։ Այսօր` հունվարի 30-ին, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով վերջին օրերին քննարկման թեմա դարձած պարգևավճարների թեմային։

Կադաստրում ամենաբարձր պարգևավճարները ստացել են վարորդներն ու հավաքարարները. Կադաստրի պետ

«Ամբողջ պետական համակարգի համար հավասար` 30 տոկոս պարգևատրման ֆոնդ ենք սահմանել»,– ասաց Փաշինյանը` նշելով, որ 2019 թվականի համար ՊԵԿ–ի պարգևատրումների ֆոնդը կիսով կրճատվել է։

Վարչապետի խոսքով` պարգևավճարների հետ կապված կա խնդիր, որը պետք է հասկանալ և լուծում գտնել։

«Կառավարման համակարգի խնդիրները պետք է լուծել այնպես, որ հոնքը սարքելու հետ աչքն էլ դուրս չգա»,– ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք` ավելի վաղ հայտնի էր դարձել, որ որոշ մարզերի մարզպետներ (Լոռու, Սյունիքի, Արարատի, Կոտայքի, Արմավիրի, Տավուշի) 2018թ–ի վերջին շռայլ պարգևավճարներ են տվել իրենք իրենց և իրենց աշխատակիցներին։ Երևանի քաղաքապետարանի բոլոր աշխատակիցները ևս շուրջ 500 մլն դրամի պարգևավճարներ ու հավելավճարներ են ստացել։ Մեծ աղմուկ էր բարձրացել նաև ՊԵԿ–ի հավելավճարների շուրջ։ Ըստ մամուլում հրապարակված ցուցակի` ՊԵԿ ղեկավարությունը 8-9 մլն դրամի, աշխատակիցները` քարտուղարուհին, վարչության պետերը` 2 և ավելի միլիոն դրամ են ստացել։