Դիմակավորված ներխուժել են տուն և հարձակվել տարեց կնոջ վրա. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում

Կոտայքում տեղի ունեցած ավազակային հարձակման համար մեղադրանք է առաջադրվել երկու անձի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Մեղրաձոր գյուղի բնակչի նկատմամբ կատարված ավազակային հարձակման հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել 2 անձի: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Աբովյանի կրակոցների հետքերով. ձերբակալվածներից մեկը ԱԺ նախկին պատգամավորի որդին է

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հունվարի 04-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, երկու անհայտ անձինք, խոշոր չափերի գույք հափշտակելու նպատակով, նախնական համաձայնությամբ, դիմակավորված, ապօրինի մուտք են գործել Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի տներից մեկը և հարձակվել նույն տան՝ 1936թ. ծնված բնակչուհու վրա, իսկ երրորդ անձը, ավազակային հարձակմանն օժանդակելու դիտավորությամբ, հնարավոր խոչընդոտները վերացնելու նպատակով, սպասել է դրսում՝ հսկելով տարածքը:

Այնուհետև տուն ներխուժած անձանցից մեկը տարեց կնոջը նախասրահից տարել է ննջասենյակ, դանակի գործադրմամբ վերջինիս կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ տվել, ապա տնից հափշտակել են խոշոր չափի՝ 200.000 ՌԴ ռուբլի գումար, տարբեր տեսակի ոսկյա զարդեր և հեռացել:

Դեպքի առթիվ 2019թ. հունվարի 5-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։ 82-ամյա կինը ճանաչվել է տուժող և հարցաքննվել: Նրա նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, իրականացվել հարցաքննություններ, հանձնարարություն է տրվել ոստիկանության Հրազդանի բաժնին: Նշանակվել է դատամատնադրոշմային փորձաքննություն:

Նախաքննության ընթացքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։ Նրանք Կոտայքի մարզի բնակիչներ են՝ ծնված 1994, 1993 և 1980թթ., անհատականացվել են նրանց գործողություններն ու առնչությունը տուժողի հետ։