Բրիտանական Chaarat–ը փոխարինել է ռուսական Polymetal–ին Հայաստանի ոսկու խոշոր հանքավայրում

Կապանի ոսկու հանքի նոր սեփականատեր է դարձել Chaarat Gold ընկերությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Ռուսական լեռնաարդյունահանող Polymetal ընկերությունը ավարտել է Կապան քաղաքում ոսկի-բազմամետաղային հանքի վաճառքը բրիտանական Chaarat ընկերությանը, գրված է Polymetal–ի հաղորդագրության մեջ։

«Գործարքն ավարտվել է 2019 թվականի հունվարի 30-ին՝ սահմանված ընթացակարգերն իրականացնելուց և կարգավորող մարմինների պարտադիր հավանությունը ստանալուց հետո։ Կապանի համար ընդհանուր վարձատրությունը 55 մլն դոլար է կազմում` հաշվի առնելով շրջանառու կապիտալի շտկումներն ու այլ շտկումները», – գրված է մամուլի հաղորդագրության մեջ։

Մասնավորապես, 10 մլն դոլար ընդհանուր գումարից վճարվել է Chaarat–ի փոխարկելի պարտատոմսերով 2021 թվականին մարման պայմանով։

Հայաստանի պղնձի խոշոր հանքավայրը կարող է նոր կառավարիչ ունենալ

Մնացած 45 մլն–ը կվճարվի դրամային միջոցներով, որոնցից 5 մլն–ը Polymetal–ը ստացել է նոյեմբերին որպես կանխավճար։ Եվս 40 մլն դոլար ընկերությունը կստանա` գնումը ֆինանսավորելու նպատակով վարկային գիծ տրամադրած բանկերի սինդիկատի հետ Chaarat–ի կողմից հաշվարկների ավարտից 5 օր անց։ Վճարումը երաշխավորված է Polymetal–ի օգտին Կապանի բաժնետոմսերի գրավադրմամբ։

Գործարքի փակմանը զուգահեռ, Polymetal-ը դադարեցրել է ռոյալթիի համաձայնագիրը Dundee Precious Metals (DPM) կանադական ընկերության հետ, որից ժամանակին գնել էր հանքավայրի շահագործման իրավունքը: Polymetal–ի գնահատմամբ, գործարքը (ներառյալ ռոյալթիները) նյութական հաշվապահական շահույթի կամ կորստի չի հանգեցնի։

Հայաստանի ոսկու հանքերը օֆշորային գոտում գրանցված ընկերություն է գնել

«Կապանի վաճառքը ևս մեկ քայլ է ակտիվների մեր պորտֆելի համախմբման և թարմացման համար», – նշել է Polymetal խմբի գլխավոր գործադիր տնօրեն Վիտալի Նեսիսը, որի խոսքերն են մեջբերվում հաղորդագրության մեջ։

Կապանը Polymetal–ի պորտֆելում ամենափոքր հանքավայրն է, որը սակայն ծախսերի մեծ մակարդակ ունի։ 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ խմբի պաշարներից նրա պահուստները 3% էին կազմում (0,5 մլն ունցիա ոսկի), արտադրությունը` տարեկան ընդհանուր թողարկման 3%–ը։ Polymetal–ն ակտիվները ձեռք է բերել 2016 թվականի ապրիլին 38 մլն դոլարի դիմաց, որոնցում ներառված է ձեռքբերման պահին արտադրությունից ստացված մաքուր եկամտի ռոյալթիի արժեքի 9 մլն դոլարը։

Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) տվյալների բազայի համաձայն` ընկերությունը գրանցված է Բրիտանիայի Վիրջինյան կղզիներում։