Մարզահամերգային համալիրի տնօրենի ընտրությունն ավարտվեց. ու՞մ է ընտրել հանձնաժողովը

Մրցութային հանձնաժողովը ղեկավարում էր ԿԱ առընթեր Պետական գույքի կառավարման վարչության պետ Նարեկ Բաբայանը, անդամներ էին նրա տեղակալը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Վարագ Սիսեռյանը, Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik.  Մարզահամերգային համալիրի (ՄՀՀ) նոր տնօրենի ընտրության մրցութային հանձնաժողովը տնօրենի պաշտոնում առաջադրված թվով 20 թեկնածուներից բանավոր ստացած հարցադրումների պատասխաններով՝ նախապատվությունը տվել է «Շարմ» ընկերության նախագահ, պրոդյուսեր Կարեն Ղազարյանին՝ Կազարևիչին։ Այս մասին տեղեկանում ենք Facebook-ում Ղազարյանի կատարած գրառումից:

«Շնորհակալություն հանձաժողովի նախագահին և հանձնաժողովի անդամներին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրենի պաշտոնը վստահելու համար: Իմ աշխատանքով և նվիրվածությամբ կծառայեմ ՄՀՀ-ի հետագա զարգացմանը և հանրահռչակմանը»,- գրել է  «Շարմ» ընկերության նախագահը:

Մրցութային հանձնաժողովի ղեկավարն էր ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության պետ Նարեկ Բաբայանը, որը «Իմ քայլը» դաշինքի կողմից ԱԺ պատգամավոր, հետագայում՝ ԱԺ փոխնախագահ ընտրված Լենա Նազարյանի ամուսինն է։

Հանձնաժողովի 7 անդամներից մեկը Բաբայանի տեղակալն էր, մյուսը՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Վարագ Սիսեռյանը, Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը և ոլորտի մասնագետներ։