Հայտնի է, թե որ տաճարում կկայանա Միշել Լեգրանի հրաժեշտի արարողությունը

Փարիզյան այդ տաճարում Լեգրանն ամուսնացել է իր կնոջ` Մաշա Մերիլի հետ։ Այնտեղ հրաժեշտ են տվել Շալյապինին, Օկուջավային, Տուրգենևին ու Բունինին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի - Sptunik. Հայկական ծագում ունեցող աշխարհահռչակ կոմպոզիտոր ու դաշնակահար Միշել Լեգրանի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա Փարիզում Սուրբ Ալեքսանդր Նևսկու տաճարում։ Այս մասին, հղում անելով տաճարի ներկայացուցչին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Միշել Լեգրանը մահացել է հունվարի 26–ին՝ 86 տարեկանում։

Ի՞նչը ստիպեց Միշել Լեգրանին այլևս մեջքով չնստել հանդիսատեսին

«Լեգրանի հրաժեշտի արարողությունը կկայանա ուրբաթ ժամը 11.30–ին։ Մեզ շատ մարդիկ են զանգում, հետաքրքրվում են` կարելի է արդյոք գալ հրաժեշտ տալ, արդեն հարյուրավոր զանգեր են եղել», – ասել է եկեղեցու ծառայողը։

Նրա խոսքով` ընտանիքը դեռ ոչինչ չի ասել արարողության ձևաչափի վերաբերյալ։ Սակայն եկեղեցու ծառայողը ենթադրել է, որ մուտքը կարգավորելու է սգո ծառայությունը։

«Կարծում եմ` առաջին հերթին կլինեն ընտանիքն ու մտերիմները, իսկ նկարահանումներն ու հարցազրույցներն արդեն երևի տաճարի տարածքից դուրս», – հավելել է աղբյուրը։ 

Նշենք, որ մի քանի տարի առաջ Լեգրանն այդ տաճարում ամուսնացել է իր կնոջ` ռուսական ծագում ունեցող ֆրանսիական դերասանուհի Մաշա Մերիլի հետ, որը Գագարինների իշխանական տոհմից է։

Փարիզում գտնվող ուղղափառ Սուրբ Ալեքսանդր Նևսկու տաճարը կառուցվել է դեռ XIX դարում ռուսաստանցիների նվիրաբերությունների հաշվին։ Տարբեր ժամանակներում այստեղ հրաժեշտ են տվել Տուրգենևին, Շալյապինին, Բունինին ու Օկուջավային։

Միշել Լեգրանի հայկական «ես»–ը. հանրահայտ կոմպոզիտորը` Sputnik Արմենիայի օբյեկտիվում

Լեգրանը ծնվել է 1932 թվականի փետրվարի 24-ին Փարիզում։ Լեգրանի հայրը` Ռայմոն Լեգրանը, կոմպոզիտոր էր, դիրիժոր ու նվագախմբի ղեկավար։ Մայրը` Մարսել Տեր-Միքայելյանը, դաշնակահարուհի էր, ազնվական հայկական ընտանիքից։

Լեգրանը 10 տարի ապրել է մորական պապի` Սարգիս Տեր-Միքայելյանի հետ, որը կյանքից հեռացել է 1942 թվականին։ 1915 թվականին Սարգիս Տեր-Միքայելյանը Ֆրանսիա է փախել Օսմանյան կայսրությունում իրագործվող Հայոց ցեղասպանության պատճառով։

Լեգրանն առաջին անգամ Հայաստան է եկել 2004 թվականին` Շառլ Ազնավուրի հետ համատեղ համերգի։

Մահացել է Միշել Լեգրանը` ֆրանսիացի կոմպոզիտորներից ամենահայը

Մաեստրոն երկրորդ անգամ Հայաստան եկավ 2009 թվականին` Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հրավերով։ Նրան Հայաստանի «Պատվո շքանշանով» են պարգևատրել։ Լեգրանը պատմական հայրենիք է եկել նաև 2012 և 2017 թվականներին։

Լեգրանը գրել է մոտ 800 ստեղծագործություն 250 ֆիլմի համար։ Ավելի քան 100 ձայնասկավառակ է ձայնագրել։

«Նվագելիս դու տասը մատ ունես, իսկ երևակայության մեջ` անվերջություն». մի անգամ ասել է նա:

Մաեստրոն երեք անգամ «Օսկար» է ստացել, հինգ անգամ` «Գրեմմի», մեկ անգամ` BAFTA, մեկ անգամ` «Ոսկե գլոբուս»։ Նա Ֆրանսիայի Պատվո Լեգեոնի շքանշանի ասպետ է։