Բարեբախտաբար ուղևոր չի տուժել. ո՞վ է քարով հարվածել վագոնի ապակուն

Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակը հույս հայտնեց, որ Մետրոպոլիտենի ու Ոստիկանության համագործակցության արդյունքում մեղավորները կպատժվեն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի — Sputnik. Անհայտ անձը քարով հարվածել է Երևանի մետրոպոլիտենի գնացքին, որի հետևանքով կոտրվել է վագոնի պատուհանը:

«Զգուշացեք, դռները փակվում են». երևանյան մետրոն մեքենավարի աչքերով. լուսանկարներ

Այս մասին Facebook-ի իր էջի միջոցով պատկան մարմիններին տեղեկացրել է քաղաքացի Նազելի Նիկողոսյանը:

Ըստ նրա՝ հունվարի 26-ին, ժամը 18։00-ից 18։10-ն ընկած ժամանակահատվածում, մետրոյի Սասունցի Դավիթ կայարանից Զորավար Անդրանիկ տանող ճանապարհի հատվածում, ընթացքի ժամանակ անհայտ անձը գնացքի պատուհանին հարվածել է մեծ քարով, որը միայն երջանիկ պատահականությամբ չի դիպել նրա երեխային կամ որևէ այլ ուղևորի:

Հարվածի հետևանքով կոտրված ապակու փշուրները, քարի հետ միասին, լցվել են վագոնի մեջ։

Երևանի հոբելյանի առթիվ անակնկալ մետրոպոլիտենից. արդյո՞ք այն մայրաքաղաքի բնակիչների սրտով է

Այն, որ բարեբախտաբար տուժածներ չկան, Sputnik Արմենիայի հետ զրույցում փաստեց նաև «Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը:

«Գնացքի կարգավարը դեպքի մասին տեղեկացրել է Ոստիկանությանը: Գործն այժմ Ոստիկանության տիրույթում է: Նման դեպք նախկինում չէր գրանցվել: Ցավոք, մետրոպոլիտենի տեսախցիկները չեն կարողացել ֆիքսել, թե ով է հարվածում, որովհետև հարվածը եղել է ճանապարհային բացօթյա հատվածում: Հարվածողը քարը նետել է փողոցից, չի գտնվել մետրոյի տարածքում»,- նշեց նա:

Վնասված վագոնն այժմ վերանորոգվում է ասաց Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակը, հույս հայտնելով, որ Մետրոպոլիտենի ու Ոստիկանության համագործակցության արդյունքում մեղավորները կպատժվեն: