ՀՀ կառավարության փոփոխությունը ԵՄ–ի ծրագրերի վրա չի անդրադարձել. Եվրամիության դեսպան

Եվրամիությունը մտադիր է շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Հայաստանի կառավարության փոփոխությունը Եվրամիության համար ծրագրային փոփոխություն չի նախատեսում: Այսօր` հունվարի 26-ին, Աշոցքում ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Մեր միջոցառումների շարունակելիությունը շատ հրաշալի կերպով ապահովված է, և մենք հասկանում ենք, որ սպասվում են կառուցվածքային փոփոխություններ, կմիավորվեն որոշ նախարարություններ, կձևավորվեն այլ կառույցներ և այլն, բայց օրինակ երեք հյուսիսային մարզերում զբոսաշրջությունը խթանելու նախաձեռնությունը սկսվել է նախորդ կառավարության ընթացքում և շարունակվում է հիմա»,- ասաց նա:

Սվիտալսկին անդրադարձավ նաև համայնքների զարգացման ծրագրին։

«Մենք տեսնում ենք, որ Հայաստանում կառուցվածքային խնդիրներից մեկը հարուստ Երևանի և աղքատ մարզերի տարբերությունն է: Մենք մշակել ենք մի շարք նախաձեռնություններ, որոնք անվանել ենք մարզային զարգացման պիլոտային ծրագրեր, ինչով և հայտարարել ենք Եվրամիության ավելի լայն՝ ՀՀ մարզային զարգացման ծրագրերի մեկնարկը՝ապահովելով հավասարությունը»,– նշեց նա:

Հայաստանին տնտեսական բեկում է պետք. Փաշինյանը հարցազրույց է տվել Euronews–ին

Սվիտալսկին խոսեց նաև Հայաստանի և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման մասին։

«Նորմալ ընթացքի մեջ ենք: Արդեն 10 պետություն վավերացումն իրականացրել է: Սովորաբար Եվրամիության համաձայնագրերի վավերացումը տևում է 2-3 տարի, որևէ մտահոգության չկա այստեղ, և փոխարենը մենք կխրախուսեինք կենտրոնանալ 80 տոկոս դրույթների վրա, որոնք արդեն ուժի մեջ են մտել և այդ դրույթները որևէ վավերացման անհրաժեշտություն չունեն: Մի անհանգստացեք. ամեն ինչ նորմալ հունով է ընթանում»,- ասաց նա։

Հիշեցնենք` ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է Բրյուսելում 2017թ. նոյեմբերի 24-ին: Այն վավերացրել են 10 պետություն՝ Հայաստանը, Բուլղարիան, Դանիան, Էստոնիան, Միացյալ Թագավորությունը, Լիտվան, Լատվիան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Լեհաստանը: