Արմեն Սարգսյանը կնոջ հետ հոյակապ երեկո է անցկացրել Գյումրիում

ՀՀ նախագահն աշխատանքային օրվա ավարտից հետո որոշել է հերթական անգամ այցելել Գյումրի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրեցիները երեկ` հունվարի 25-ին, կրկին իրենց քաղաքում տեսան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ու նրա տիկնոջը` Նունե Սարգսյանին։ Նրանք եկել էին Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի 25–ամյակին նվիրված հոբելյանական համերգին, բայց առաջին կանգառը, ինչպես միշտ, Սուրբ Յոթվերք եկեղեցին էր

Արմեն Սարգսյանը կնոջ հետ հոյակապ երեկո է անցկացրել Գյումրիում

«Այսօր աշխատանքային օրվա ավարտից հետո իմ ու կնոջս համար շատ գեղեցիկ օր էր։ Ընդամենը մեկուկես ժամ հետո դու Գյումրիում ես, բարեկամների ու ընկերների հետ հոյակապ երեկո ես անցկացնում` շատ գեղեցիկ համերգ լսելով: Կարծում եմ՝ և՛ Երևանից, և՛ Հայաստանի մյուս վայրերից մարդիկ հաճախ պետք է գան այս մշակութային քաղաք՝ երաժշտություն լսելու, թատրոն դիտելու և վայելելու այս հրաշալի քաղաքը»,-լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց Արմեն Սարգսյանը:

Նախագահը երբեք չի թաքցրել Գյումրու ու գյումրեցիների հանդեպ սերը: Նա առաջին անգամ Գյումրի է այցելել 1988–ի երկրաշարժից հետո, երբ վարչապետ էր։ «Դեռ այն ժամանակ հիացա գյումրեցիների պահվածքով. չէին պահանջում ու չէին տրտնջում»,– նախորդ այցերի ժամանակ ասել է Սարգսյանը:

Արմեն Սարգսյանը կնոջ հետ հոյակապ երեկո է անցկացրել Գյումրիում

Եթե մինչ այս երբեք գյումրեցիները հանրապետության նախագահներին այդքան մոտ տեսնելու հնարավորություն չեն ունեցել, ապա հիմա արդեն Արմեն Սարգսյանին պարբերաբար են հանդիպում Գյումրու փողոցներում: Ամեն հնարավորության դեպքում՝ լինի ներկայացում, թե այս կամ այն սրճարանն այցելելու ու պարզապես ժողովրդի հետ շփվելու ցանկություն, նախագահը տիկնոջ հետ Գյումրի է գալիս: