Կենսաթոշակային ստաժ, բժշկական ծառայություն. հայ «խոպանչիների» խնդիրները ՌԴ–ում

Քննարկվել են նաև Հայաստանում բնակվող ռուսաստանցիների իրավունքների պաշտպանության հարցերը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած կամ այնտեղ ժամանակավորապես բնակվող մեր հայրենակիցներին հուզող խնդիրներն են այսօր Մոսկվայում քննարկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան:

Այս մասին տեղեկացնում են պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։

ՄԻԱՎ, տուբերկուլյոզ, ժանտախտ. պատճառը ներսի ու դրսի «խոպանչինե՞րն» են

Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած կամ այնտեղ ժամանակավորապես բնակվող մեր հայրենակիցները Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին և Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատարին հասցեագրում են բողոքներ կապված իրենց աշխատանքային, սոցիալական, առողջապահական, կենսաթոշակային, կրթական և այլ իրավունքների հետ։

Խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ, օրինակ, ՌԴ-ում ու Հայաստանում աշխատած ժամանակահատվածը չի հաշվարկվում միասնական կենսաթոշակային ստաժի մեջ, կամ խնդիրներ են առաջ գալիս բժշկական ծառայություններից ու դրա հետ կապված սոցիալական փաթեթից օգտվելու հարցում: Առկա են նաև դիմումներ, որոնք վերաբերում են աշխատանքային իրավունքներին, երկրից վտարելու որոշմանը, ընտանիքներով Ռուսաստան մեկնելու դեպքում հանրակրթական դպրոցներում ու նախադպրոցական հաստատություններում երեխաների ուսուցմանը և այլն: Քննարկվել են նաև Հայաստանում բնակվող ռուսաստանցիների իրավունքների պաշտպանության հարցերը:

«Ես հաճախ եմ մեր քաղաքացիների բարձրացրած հարցերը քննարկում իմ ռուս գործընկերոջ հետ, սակայն իրավական համակարգերի տարբերությունների պատճառով մենք` օմբուդսմաններս, հաճախ չենք կարողանում լուծել քաղաքացիներին վերաբերող առանձին խնդիրներ», - նշել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կարևոր առաջնահերթություններից է մարդու իրավունքների և ազատությունների ապահովումը, համապատասխան օրենսդրության ներդաշնակեցումն ու հակասությունների վերացումը:

Ուստի, նշված նպատակներից ելնելով էլ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր, որոնց բախվում են երկու երկրների քաղաքացիները Հայաստանում և Ռուսաստանում:

Հանդիպման ընթացքում կողմերը նախանշել են հետագա աշխատանքի կոնկրետ ուղղություններ ու ծրագրեր: