Հայտնի է` երբ կհրապարակվի Արմեն Գևորգյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Արմեն Գեւորգյանի վերաբերյալ որոշում կայացնելու:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցի հարցի քննությունը, որից հետո Արմեն Գևորգյանը լրագրողներին հայտնեց, որ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ` բողոքների վերաբերյալ որոշում կայացնելու:

«Այս պահի դրությամբ որևէ նոր ասելիք չունեմ, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, հունվարի 29-ին որոշումը կհրապարակվի, և ըստ այդմ էլ բոլորս կիմանանք»,- ասաց նա:

Հիշեցնենք` Արմեն Գևորգյանին մեղադրանք էր առաջադրվել Մարտի 1-ի քրեական գործի քրեական գործի շրջանակում։ Ինչպես լրագրողներին հայտնել էր ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, մեղադրանքը սահմանադրական կարգը տապալելու հոդվածով չէ, այլ արդարադատության իրականացումը խոչընդոտելու` ՀՀ քրեական օրենսգրքի 332 հոդվածի 3-րդ մասով:Մեղադրանքը հիմնված է` Wikileaks-ի այն հրապարակմանը, որի համաձայն Սահմանադրական դատարանի դատավոր Վալերի Պողոսյանի նկատմամբ ճնշում է եղել, նա բողոքել է, ասել է՝ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմից իր վրա ճնշում կա, որ ինքը որոշում կայացնի Սերժ Սարգսյանին օգտին: Ըստ ՀՔԾ պետի` վիկիլիքսյան հրապարակումը հիմնավորվել է. Արմեն Գևորգյանը մեկ այլ պաշտոնյայի հետ միասին փորձել է ճնշում գործադրել ՍԴ դատավոր Վալերի Պողոսյանի վրա։

Խնդրեցի, որ իմ գործը քննվի հանգիստ մթնոլորտում. Արմեն Գևորգյան

Այս մեղադրանքով Արմեն Գևորգյանին 6 տարվա ազատազրկում է սպառնում։

Նրա նկատմամբ նախապես կիրառվել էր չհեռանալու մասին ստորագրություն:

2018 թ.-ին Արմեն Գևորգյանը ՀՀ փոխվարչապետն էր: Մինչ այդ տարբեր ժամանակահատվածներում նա աշխատել է որպես ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, նախագահի առաջին օգնական, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար: 2007-2008 թթ.-ին, ինչպես նաև 2016թ.-ի հունիսից հոկտեմբեր եղել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:

2018թ–ի դեկտեմբերի 14–ին Երևանի Նոր Նորք համայնքի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ՀՀ նախկին փոխվարչապետ, անվտանգության խորհրդի քարտուղար Ամեն Գևորգյանին կալանավորելու մասին նախաքննական մարմնի միջնորդությունը։ Նախաքննական մարմինը որոշումը բողոքարկել է Վերաքննիչ դատարանում։

Արմեն Գևորգյանն իրենց առաջադրված մեղադրանքը չի ընդունում։