ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հայտարարել է, որ Երևանում կսկսվի նոր ճոպանուղու և մետրոյի կայարանների շինարարություն։
Նրա խոսքով` Երևանում ձեռնտու չէ երկու վեցտեղանոց խցիկներով ճոպանուղին, քանի որ դրանով տրանսպորտային հարցը չի լուծվի։
«Անհրաժեշտ է 12-14 տեղանոց բազմամոդուլ ճոպանուղի։ Նորքի զանգվածի համար մետրոն անիրական որոշում է, տրանսպորտային լուծում կարող է լինել ճոպանուղին», – ասաց նա։
Մեսչյանը հաղորդեց, որ նախագծով կփոխվի ճոպանուղու ուղղությունը և կայարանների քանակը։ Քաղաքում կլինեն երկու կայարաններ, սակայն խնդիրներ կան կայարանների հետ, քանի որ քաղաքը խիտ կառուցապատ է։
Բանակցություններ են ընթանում իտալական և շվեյցարական ներդրողների հետ, կանցկացվի մրցույթ, բոլոր ընկերությունները կներկայացնեն իրենց առաջարկները։ Ճարտարապետի խոսքով` հետաքրքրված են չորս լուրջ ընկերություններ։
Արթուր Մեսչյանը տեղեկացրեց, որ ծրագրում է մետրոյի կայարաններ կառուցել Աջափնյակ վարչական շրջանում։
«Պատրաստում ենք նախագիծ` հաշվարկներով և ճարտարապետական լուծումներով, որը կներկայացնենք կառավարություն։ Մետրոն ռազմավարական օբյեկտ է, այն ուղղակի տրանսպորտ չէ, Աջափնյակի գծի վրա արդեն ծախսվել է 150 միլիոն դոլար», – ասաց նա։
Նրա խոսքով` մետրոյի համար միշտ փող կգտնվի։ Արդեն կան ներդրողներ, մշակված է լուրջ և բարդ համակարգ։ Լրագրողների հարցին, թե որքանով են իրատեսական այդ երկու նախագծերը, Մեսչյանը հայտարարեց. «Իրատեսական են, ջան»։