Հրաժարվե՛լ Վենեսուելայում զինված միջամտության գաղափարից. Լավրովի կոչը

ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ ամերիկյան իշխանությունները պաշտպանելու են իրենց դիվանագիտական ներկայացուցչությունը և իրենց աշխատակիցներին Կարակասում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Մոսկվան կոչ է անում հրաժարվել Վենեսուելայում զինված միջամտության ծրագրերից: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Հատկապես մտահոգություն են առաջացնում ազդանշանները, որոնք հնչում են որոշ մայրաքաղաքներից, առ այն, որ իրենք չեն բացառում արտաքին զինված միջամտությունը: Մենք կոչ ենք անում կտրականապես հրաժարվել նման մտքերից», - ասել է Լավրովը:

Ընդդիմության առաջնորդը Վենեսուելայում իրեն նախագահ է հռչակել

«Կրկին համոզվում ենք, թե ինչպես է Միացյալ Նահանգները, որը պարանոիկ կերպով անհանգստանում է, երբ իբր ինչ-որ մեկը միջամտում է իր ընտրություններին, ինքն է հերթական անգամ (սա առաջին դեպքը չէ վերջին ամսվա ընթացքում), Վենեսուելայում դա անում չափազանց կոպտորեն`փորձելով հանդես գալ որպես այլ ազգերի ճակատագրի տնօրինող։ Մինչդեռ իրականում ԱՄՆ-ը պարզապես միջամտում է նրանց ներքին գործերին», - ավելի վաղ նշել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը:

Հիշեցնենք՝ ԱՄՆ–ը պաշտոնապես Վենեսուելայի օրինական առաջնորդ է ճանաչել Գուայդոյին։ Պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ–ն կոչ է անում Մադուրոյին իշխանությունը հանձնել ընդդիմության առաջնորդին։

Մադուրոն խզել է հարաբերությունները ԱՄՆ–ի հետ, բայց Թրամփը չի հեռանում Վենեսուելայից

Իր ելույթում Մադուրոն նշել է, որ ԱՄՆ–ը լուրջ սխալ է գործում` փորձելով Վենեսուելային պարտադրել նոր նախագահ, հաղորդում է Associated Press–ը։ Նա հավելել է, որ ընդդիմությունը փորձել է երկրում կատարել պետական հեղաշրջում։ Մադուրոն հայտարարել է, որ Վենեսուելան խզում է դիվանագիտական հարաբերություններն ԱՄՆ–ի հետ` վենեսուելական ընդդիմությանը Սպիտակ տան ցուցաբերած աջակցության համար։

«Միացյալ Նահանգները պահպանում է դիվանագիտական հարաբերությունները Վենեսուելայի հետ և կշարունակի պահպանել դրանք ժամանակավոր նախագահ Խուան Գուայդոյի կառավարության օրոք, որը խնդրել է մեր առաքելությանը մնալ երկրում», – իր հերթին հայտարարել է ԱՄՆ–ի պետքարտուղար Մայք Պոմպեոն։

Նա նշել է, որ Վաշինգտոնը չի ճանաչում Մադուրոյի ռեժիմը։ Պոմպեոյի խոսքով` ամերիկյան իշխանությունները պաշտպանելու են իրենց դիվանագիտական ներկայացուցչությունը և իրենց աշխատակիցներին Կարակասում։