Մադուրոն խզել է հարաբերությունները ԱՄՆ–ի հետ, բայց Թրամփը չի հեռանում Վենեսուելայից

Վենեսուելան ուժեղագույն ներքաղաքական ճգնաժամ է ապրում, իրավիճակը թեժանում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. ԱՄՆ–ն մերժել է Վենեսուելայի իշխանությունների առաջարկը խզել դիվանագիտական հարաբերությունները։ Վաշինգտոնը հայտարարել է, որ նախագահ Նիկոլաս Մադուրոն պետությունների միջև հարաբերությունները խզելու լիազորություններ չունի, հաղորդում է Reuters–ը։

Ավելի վաղ Վենեսուելայի ընտրված նախագահ Նիկոլաս Մադուրոն ուղերձով է հանդես եկել, երբ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ և Ազգային ասամբլեայի ղեկավար Խուան Գուայդոն իրեն հայտարարել է երկրի նախագահ։

Ընդդիմության առաջնորդը Վենեսուելայում իրեն նախագահ է հռչակել

Ելույթ ունենալով Կարակասում իր կողմնակիցների առաջ` Մադուրոն հայտարարել է, որ Վենեսուելան խզում է դիվանագիտական հարաբերություններն ԱՄՆ–ի հետ` վենեսուեալան ընդդիմությանը Սպիտակ տան ցուցաբերած աջակցության համար։

«Ես կարգադրություն եմ ստորագրել ԱՄՆ–ի կառավարության հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին։ Ամերիկյան դիավանագետների տրամադրության տակ կա 72 ժամ` երկիրը լքելու համար», – հայտարարել է նա։

ԱՄՆ–ը պաշտոնապես երկրի օրինական առաջնորդ է ճանաչել Գուայդոյին։ Պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ–ն կոչ է անում Մադուրոյին իշխանությունը հանձնել ընդդիմության առաջնորդին։

Իր ելույթում Մադուրոն նշել է, որ ԱՄՆ–ը լուրջ սխալ է գործում` փորձելով Վենեսուելային պարտադրել նոր նախագահ, հաղորդում է Associated Press–ը։ Նա հավելել է, որ ընդդիմությունը փորձել է երկրում կատարել պետական հեղաշրջում։

«Միացյալ Նահանգները պահպանում է դիվանագիտական հարաբերությունները Վենեսուելայի հետ և կշարունակի պահպանել դրանք ժամանակավոր նախագահ Խուան Գուայդոյի կառավարության օրոք, որը խնդրել է մեր առաքելությանը մնալ երկրում», – հայտարարել է ԱՄՆ–ի պետքարտուղար Մայք Պոմպեոն։

Նա նշել է, որ Վաշինգտոնը չի ճանաչում Մադուրոյի ռեժիմը։ Պոմպեոյի խոսքով` ամերիկյան իշխանությունները պաշտպանելու են իրենց դիվանագիտական ներկայացուցչությունը և իրենց աշխատակիցներին Կարակասում։

Ավելի վաղ ԱՄՆ–ի նախագահ Դոնալդ Թրամփը Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին ճանաչել է պետության ժամանակավոր ղեկավար։ Ռուսաստանի Դաշնության խորհրդում հայտարարել են, որ Մոսկվան արդեն աջակցություն է հայտնել Մադուրոյին և չի փոխի իր դիրքորոշումը։

Գուայդոն իրեն նախագահ է հռչակել հունվարի 23–ին, երբ երկրում տեղի են ունեցել Մադուրոյի դեմ բողոքի բազմահազարանոց ակցիաներ։