Հայերը Հոնկոնգ, հոնկոնգցիները Հայաստան կայցելեն առանց վիզայի

Հայաստանն ու Չինաստանը բանակցում են միմյանց քաղաքացիների համար առանց մուտքի արտոնագրերի այցելությունների ռեժիմ սահմանելու շուրջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի քաղաքացիներն այսուհետ Հայաստան կգան առանց ՀՀ մուտքի արտոնագրերի։ ՀՀ կառավարությունն այս որոշումը կայացրեց այսօրվա նիստում։

Դավթյան. «Հնդկաստանի քաղաքացիների այցերի ավելացումը պայմանավորված է վիզայի պարզեցմամբ»

Փոխարենը Հոնկոնգն էլ նույնպիսի ռեժիմ կսահմանի ՀՀ քաղաքացիների համար։

Որոշման համար հիմք է ծառայել վիճակագրությունը, որի համաձայն Չինաստանի այս տարածաշրջանից տարեցտարի ավելանում է զբոսաշրջային և գործնական այցերի թիվը։

Որոշումը, կառավարության համոզմամբ, կնպաստի զբոսաշրջության խրախուսմանն ու խթանմանը, կդյուրացնի ՀՀ քաղաքացիների գործարար և աշխատանքային գործունեությունը Չինաստանում, Հոնկոնգի շրջանում ու հարակից այլ երկրների տարածքում, քանի որ ՉԺՀ Հոնկոնգի շրջանը հանդիսանում է տարածաշրջանի ֆինանսաբանկային կարևոր կենտրոններից մեկը:

Հայաստանի քաղաքացիներն առանց մուտքի արտոնագրի Հոնկոնգի հատուկ վարչական շրջանում կարող են մնալ 30 օր։

Առանց մուտքի արտոնագրի ռեժիմը կգործի 2019-ի մարտի 3-ից: