Թորոսյանը շնորհակալ է. կառավարությունը մտադիր է հրաժարվել վտանգավոր դրոշմապիտակներից

Ակցիզային դրոշմապիտակները մնում են երեխաների շնչուղիներում։ Կառավարությունը որոշել է անցնել անվտանգ պիտակների։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Առաջիկայում Հայաստանում շրջանառության մեջ կդրվեն ակցիզային նոր դրոշմապիտակներ։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Անանյան. «Պարգևավճար ստացել են բոլորը. ամենամեծը կազմել է 1.5 մլն դրամ»

Նրա խոսքով` դրանք, ի տարբերություն գործողների, կլինեն ավելի նուրբ, անվտանգ, սոսինձն էլ ավելի ամուր ու ավելի բարակ շերտով։

«Երկու օր առաջ մրցույթը կայացել է և հաղթող է ճանաչվել, մատակարարի հետ հաջորդ շաբաթ պետք է հանդիպենք»,- ասաց Անանյանը։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ողջունեց այս որոշումը` նկատելով, որ դրոշմապիտակների հետ կապված ահազանգերը շատ են։

«Ահազանգերը շատ–շատ էին և՛ բժիշկներից, որոնք, փաստորեն, զբաղված էին այդ պիտակները երեխաների շնչուղիներից հանելով, և՛ ծնողներից։ Եթե շատ ենք խորանում հարցի մեջ, այն կարծես լուրջ չէ, բայց կյանքի որակի առումով շատ էլ լուրջ է։ Այո, պետք է նաև զբաղվել այս հարցով»,- ասաց Թորոսյանը` շնորհակալություն հայտնելով ՊԵԿ–ին, որ արձագանքեց իրենց բարձրացրած խնդրին ու հարցին լուծում տվեց։

Երևանում կկառուցեն մետրոյի կայարաններ և ճոպանուղի. Արթուր Մեսչյան

Կառավարության նիստի ավարտին Անանյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ 2015թ–ից ի վեր, երբ Հայաստանում առաջին անգամ ներդրվել է դրոշմապիտակների կիրառությունը, կոնկրետ ապրանքների գծով հարկերը շեղակիորեն աճել են։ Հետևաբար կառավարությունը չի ցանկանում հրաժարվել դրանց կիրառությունից, պարզապես ընտրում է ավելի անվտանգ տարբերակը։

Ակցիզային դրոշմապիտակների փոփոխությունից հետո ակցիզային հարկը, Անանյանի խոսքով, չի բարձրանա։ Բայց ԵԱՏՄ անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների շրջանակում այդ հարկատեսակը շարունակելու է աճել մինչև 2021թ–ը։ Այս նույն պարտավորությունների շրջանակում ծխախոտի ակցիզային հարկը 2018թ–ի ընթացքում ավելացել է 15 տոկոսով։