Գյումրիում բնակարանաբաշխման նոր սկանդալ է հասունանում. խախտումներ` 30 տարի շարունակ

Sputnik Արմենիային հետ զրույցում Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանը տեղեկացրեց, ստացված փաստերի հիման վրա նյութեր են նախապատրաստվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի մարզի դատախազությունում նյութեր են նախապատրաստում 1988  թվականի երկրաշարժից հետո Գյումրիում բնակարանների բաշխման գործընթացում տեղ գտած հնարավոր չարաշահումների մասին:

Փաշինյանը զայրացավ. 30 տարի անց աղետի գոտու անօթևանների թիվը հայտնի չէ

Օրերս «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն Մհեր Խաչատրյանը գրավոր դիմել էր  Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանին` նշելով, որ իր կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ բնակարնաբաշխման ժամանակ եղել են ահռելի չարաշահումներ: «Մասնավորապես, բազայում առկա են տվյալներ, որ 1 փլված բնակարանի դիմաց տրամադրվել է 5 կամ 6 բնակարան՝  տարբեր ընտանիքների, որոնք առնչություն չունեն փլված հասցեի հետ: Պարզվել է նաև, որ  իրականում տնակները ապամոնտաժված չեն և գտնվում են իրենց տեղերում, սակայն պաշտոնատար անձի կողմից կազմվել է տարածքի ազատման ակտ՝ համաձայն որի իբր այդ տնակները ապամոնտաժվել են: Խնդրում եմ կատարել անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ` ընթացք տալով հնարավոր չարաշահումները բացահայտելու և մեղավորներին պատժելու գործին»,-ասված է դիմումում, որին կից ներկայացվել են նաև հասցներ և տնակների ապամոնտաժման ակտեր:

Բնակարան տեղափոխված ընտանիքները հատկապես, վերջին տարիներին պարտավոր էին ներկայացնել տնակների ապամոնտաժման ակտեր, այլապես չէին ստանա բնակարաններ, սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կան դեպքեր, որ  թեև ներկայացվել է տնակի ապամոնտաժման ակտը, սակայն տնակը այդպես էլ մնացել է  տեղում:

Sputnik Արմենիային հետ զրույցում Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանը տեղեկացրեց, որ նյութեր են նախապատրաստվում։ «Հիմք  ընդունելով Մհեր  Խաչատրյանի կողմից ինձ հասցեագրված դիմումը, իմ հանձնարարականով ոստիկանության «Մուշի» բաժնի կողմից  նյութեր են նախապատրաստվում: Ստուգվում են  քրեական գործ հարուցելու հիմքերը»,- ասաց Գաբրիելյանը՝ հավելելով, որ ձեռքբերված տվյալների հիման վրա նոր հնարավոր  է կայացնել դատավարական որոշում:

Փաստենք, որ Գյումրիում բնակարանների բաշխման գործընթացը տարբեր տարիների իրականացվել է տարբեր կառույցների կողմից ՝ քաղաքապետարան, մարզպետարան և քաղաքաշինության նախարարություն: