Կոռուպցիա՞ն էլ «իներցիայով» կվերադառնա. պարգևավճարներ «Թավշյա հեղափոխություն» ՇՍՊԸ–ում

Հայաստանի մի շարք մարզպետներ իրենց և որոշ ենթակաների պարգևավճարներ են գրել. այս նորությունը մեծ աղմուկ է բարձրացրել հասարակության շրջանում ու սոցիալական ցանցերում։ Վրդովմունք են առաջացրել պարգևավճարների չափը, մարզպետների աշխատանքի կարճ ժամկետը և այն փաստարկները, որոնցով փորձում է արդարանալ իշխանությունը։ Բայց տարակուսելու ևս մեկ կարևորագույն պատճառ կա։
Sputnik

Մարզպետների պարգևավճարների պատմությունը տարածվել է մամուլում և սոցիալական ցանցերում` դժգոհությունների ալիք բարձրացնելով հասարակությունում։ Չենք ձանձրացնի մարզպետների անուններն ու պարգևավճարների չափը կրկնելով, այլ կփորձենք հասկանալ, թե ինչպես և ինչու են որոշել իրենց ավելի շատ երջանկացնել, քան մյուսներին։

Մարզպետները շատ են աշխատել, իրենց պարգևատրել են, իսկ դուք օբյեկտիվ չեք. Աղաջանյան

Ի դեպ, պետք է արժանին մատուցել մարզպետներին. նրանք չենք թաքցրել պարգևավճարների չափը` ի տարբերություն Երևանի քաղաքապետարանի։ Չնայած ավագանու ընդդիմության ներկայացուցիչների բոլոր պահանջներին` Երևանի քաղաքապետարանն այդպես էլ չհրապարակեց այդ թվերը, ասես դա ռազմական գաղտնիք էր։

Բոլոր պարգևավճարներն օրինական են, և հասարակության դժգոհությունների պատճառն էլ այն չէ, որ իրավաբանական խախտումներ են եղել։ Այդ դժգոհությունները բարոյական ենթատեքստ ունեն։ Օրինակ` այն հանգամանքը, որ մարզպետներն իրենց պաշտոններում աշխատել են մոտ ութ ամիս, իսկ ոմանք` երեք, հավանաբար պետք է զսպեր ախորժակները, և ինքնապարգևատրումը կարող էր կազմել, ասենք, 20-50 տոկոս։

Իշխանության ներկայացուցիչները պետք է ինչ–որ կերպ արձագանքեին այս աղմուկին, որը բավականին բարձր էր` խուլ ձևանալու համար, բայց երևի ավելի լավ կլիներ` այդպես չվարվեին։ «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը որպես արդարացում նշել է այն, ինչը ոչ ոք չի էլ հերքում` օրենքը չի խախտվել։ Եվ ավելացրել է` մարզպետները միայն իրենց համար չեն պարգևավճարներ գրել։

Համաձայնենք, որ այս բացատրությունը վկայում է փաստարկների լիակատար բացակայության մասին, հոգոց հանենք և անցնենք առաջ։

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն ավելի որոշակի է արտահայտվել. նրա խոսքով` մարզպետներն իներցիայով են պարգևատրումներ արել։ Իրականում այդ խոսքերը շատ կարևոր են և բավական հստակ ներկայացնում են այն իրավիճակը, որն առկա է նոր իշխանության տեղական ինքնակառավարման մարմիններում։

Իրավիճակ չի՞ փոխվել, կամ մարզպետների աննախադեպ շռայլությունը զարմանալու տեղ չի թողնում

«Իներցիա» բառը ծագում է լատինական «inertia» բառից, նշանակում է «անգործություն»։ Բայց, ի հեճուկս սպասումների, ոչ թե լատինական բառի նշանակությունն է ուշադրություն գրավում, այլ այդ հասկացության էությունը. նյութական մարմնի հատկություն, ըստ որի` արտաքին ուժերի փոխադարձ հավասարակշռության դեպքում հաշվարկման իներցիալ համակարգի նկատմամբ մարմինը պահպանում է դադարի կամ հավասարաչափ ուղղագիծ շարժման վիճակը։

Եվ ահա այստեղ պարզվում է, որ պետք է անհանգստացնի ոչ թե պարգևավճարների փաստն ու դրանց չափը, այլ հենց «իներցիան»։ Քանի որ դադարի կամ հավասարաչափ ուղղագիծ շարժման վիճակում հենց այսպես են իրենց պահում «Թավշյա հեղափոխություն» ՇՍՊԸ–ի (շատ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն) անդամները։ Որտեղի՞ց լինեն արտաքին ազդակներ, երբ հայկական ներքաղաքական դաշտի խրոնիկ հիվանդությունը ընդդիմության բացակայությունն է, որն այսօր գրոտեսկային նշանակություն է ստացել։

Բայց Նազարյանի` «իներցիայի» մասին փաստարկն իրականում ավելի շատ է ապշեցնում, քան մարզպետների ինքնապարգևատրումների փաստը։ Տիկին Նազարյանը «թավիշի» մյուս ներկայացուցիչների պես ղեկավար պաշտոն է ստացել հենց այն բանի պատճառով, որ մոլեգնորեն հերքել է նախկին իշխանության արածները։ Հիմա էլ շարունակվում են հին իշխանությանն ուղղված մեղադրանքները, որոնք ստվերում են սեփական արածների բացակայությունը։

Օրենքով արգելված չէ. Լիլիթ Մակունցը պաշտպանում է մարզպետներին

Այսինքն կարելի է իշխանության գալ «ռեժիմի» անխնա քննադատության ալիքի վրա, խոստանալ, որ ամեն ինչ արմատապես կփոխվի, իսկ հետո, հասնելով ամեն ինչի, «իներցիայով» անել նույնը, ինչի համար մեղադրում էին նախորդ իշխանությանը։ Բոլորի հիշողության մեջ դեռ թարմ են «նախկինների» դեմ ցուցադրական օբստրուկցիաները, երբ նրանք անում էին այն, ինչ հիմա իրենց թույլ են տալիս «նորերը»։

Հիմա մենք տեսնում ենք, թե ինչպես է մեր աչքի առաջ ձևավորվում կառավարման սուպերվարչապետական մոդելը։ Դա հենց այն է, ինչին ընդդիմանում էր Նիկոլ Փաշինյանը, որին այդ ժամանակ կարելի էր փողոցներ փակել, իսկ այսօրվա ցուցարարներին չի կարելի նման բան անել։ Նրանք այդպիսի լիազորություններ չունեն։ Անհասկանալի է, թե Փաշինյանն ումից էր ստացել մի ամբողջ երկիրը կաթվածահար անելու լիազորությունները, ինչպես նաև այն, թե այսօր ում պետք է դիմել նման լիազորություններ ստանալու համար։

Եթե տրամաբանորեն շարունակենք Լենա Նազարյանի միտքը, ապա անխուսափելիորեն ստացվում է, որ իրական, ոչ թե դեկորատիվ ընդդիմության բացակայության դեպքում մենք շուտով կարող ենք բախվել ուրիշ իներցիոն դրսևորումների` կոռուպցիայի, սեփական սեփականությունը յուրացնելու, ամենաթողության։

Այսինքն` այն ամենին, ինչի դեմ ուղղված էր «թավշյա հեղափոխությունը»։