ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին զարմացրել է այն, որ վերջին օրերին հանրության ամենաքննարկված թեման մարզպետների «շռայլ» պարգևավճարներն են։ Այս մասին Աղաջանյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում` հավելելով, որ դրա համար հանրությունն իրենց համեմատում է նախկին իշխանությունների հետ` ասելով, թե «սրանք նրանցից առանձնապես չեն էլ տարբերվում»։
Կառավարության աշխատակազմի ղեկավարը նաև մեկնաբանել է, թե ինչու են նոր մարզպետները որոշել իրենք իրենց պարգևատրել։ «Ես կարծում եմ, որ այս դիսկուրսում ամբողջությամբ անտեսվել է պաշտոնյաների աշխատանքային ժամերից դուրս կատարած աշխատանքը։ Իսկ արդյո՞ք քաղհասարակությունը կամ լրագրողական հանրությունը տեղյակ է, որ ՀՀ կառավարության գրեթե բոլոր առանցքային պաշտոնյաները (այդ թվում մարզպետերը) միջինը օրական 12-14 ժամ աշխատանքային գրաֆիկով են ապրում, չհաշված շաբաթ-կիրակիները։ Իսկ արդյո՞ք դա ևս հանրային ուշադրության պետք է արժանանա, թե այլ բան չէր էլ ակնկալվում, 14 էլ չէ, պիտի օրական 18 ժամ աշխատեն և ստացած աշխատավարձն էլ հանգանակեն բարեգործական կազմակերպություններին»,– գրում է պաշտոնյան։
Բացի այդ նա հիշեցնում է, որ կառավարությունը նպատակ ունի պետական կառավարման ոլորտը մասնավորի համեմատ մրցունակ դարձնել։ Իսկ դրա համար կարևոր է առաջին հերթին աշխատավարձերի չափը։ «Այնուամենայնիվ, եղել է հստակ որոշում, որ դա չպետք է լինի բյուջեից հավելյալ միջոցների տրամադրման հաշվին, այլ ի հաշիվ միայն հմուտ և արդյունավետ կառավարման արդյունքում ձևավորված խնայողությունների»,– ասում է Աղաջանյանը և տեղեկացնում, որ մարզպետարանների հավելավճարների բաշխման աղբյուրների 80%-ն առաջացել է խնայողությունների և կոնկրետ աշխատավարձային ֆոնդի խնայողությունների հաշվին։
Կառավարության աշխատակազմի ղեկավարը, թեև ողջունում է, որ մամուլը խոշորացույցով է հետևում իրենց գործունեությանը, բայց և հայտարարում է, որ այս պատմության մեջ օբյեկտիվության մեծ պակաս կա։
Աղաջանյանն իր գրառման մեջ անդրադարձել է նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանին աշխատանքից ազատելու որոշմանը` նշելով, որ այն չէր կարող անակնկալ լինել, քանի որ Գրիգորյանը նախապես տեղեկացվել էր վարչապետի որոշման մասին։
Միաժամանակ, կառավարության կադրային նշանակումներն ու ազատումները, նրա խոսքով, միտված են առավել բարձր մակարդակի մասնագետների ներգրավմանը և կառավարության աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։