Forbes-ի հոդվածագրին գերել են Հայաստանի և Վրաստանի ավանդական խոհանոցները

Հեղինակավոր պարբերականի գնահատմամբ` Հայաստանի և Վրաստանի ավանդական խոհանոցները տարածաշրջանի մշակույթը հասկանալու լավագույն միջոցներն են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. Forbes-ի հոդվածագիրը «Համտեսեք ավանդական ուտեստները Հայաստան և Վրաստան գաստրոտուրի ժամանակ» վերնագրով հոդվածում անդրադարձ է կատարել երկու երկրների խոհանոցների ավանդական ճաշատեսակներին ու խմիչքներին։

Տեսնելու բան չկա. ֆրանսիացի ճանապարհորդ–բլոգերը տեսահոլովակ է նկարահանել Հայաստանի մասին

Հեղինակավոր պարբերականի գնահատմամբ` Հայաստանի և Վրաստանի ավանդական խոհանոցները տարածաշրջանի մշակույթը հասկանալու լավագույն միջոցներն են։

Հայկական ավանդական խոհանոցից հոդվածագիրն առանձնացրել է հայկական ոճով պատրաստված խորովածը: «Նրանք համեմում ու շամփուրի վրա են շարում միսը՝ հիմնականում խոզի, խորովում են և մատուցում ընտանեկան հավաքներին»,-նշված է նյութում:

Հոդվածագիր, բնականաբար, չեր կարող անտեսել աշխարհին հայտնի նաև հայկական կոնյակը: «Երևանի կոնյակի գործարանը 1887-ից սկսած թորում է «Արարատ»՝ օգտագործելով սպիտակ խաղող և աղբյուրի ջուր: Այն արվում է ավանդական մեթոդով, որը ժամանակի ընթացքում անփոփոխ է մնացել»:

Հեղինակն ընթերցողներին առաջարկել է նաև փոքրիկ շրջայց կատարել գործարանում՝ իհարկե, անպայման համտեսելով կոնյակը: Այնուհետև խորհուրդ է տվել այցելել «Արարատ» թանգարան՝ հասկանալու, թե ինչ լեգենդար կոնյակ է այն:

Վրացական խոհանոցում լրագրողին գերել է ավանդական խաչապուրին, գինուն: Նա առաջարկել է այցելել վրացական հայտնի գինու գործարան՝ հասկանալու, թե  վրացական գինին ինչպես է պատրաստվում ու շշալցվում: Նա խրախուսել է վրացական գինու և պանրի համադրությունը, որը հիանալի կլինի ճաշակել տեղական ֆերմաներից մեկում ընտանիքի հետ: