Մարությանը` ձյուն մաքրող մեքենայի ղեկին. քաղաքապետն անձամբ է փորձարկել նոր ԿամԱԶները

Թեև այս տարի մայրաքաղաքում ձյուն չկա, բայց Երևանի քաղաքապետարանը ձյուն մաքրող 9 նոր ավտոմեքենա է գնել։
Sputnik

այրաքաղաքի ձնամաքրման աշխատանքները կազմակերպելու համար Երևանի քաղաքապետարանը 9 նոր հատուկ ԿամԱԶ է գնել։ Ինչպես տեղեկացնում է քաղաքապետարանի մամուլի բաժինը, ԿամԱԶ ընկերությունն ընտրվել է մրցույթի արդյունքում։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն անձամբ է ստուգել նոր տեխնիկան։ Քաղաքապետարանի հրապարակած տեսանյութում ԿամԱԶ–ի ղեկին Հայկ Մարությանն է:

Պատասխանատու. Փողոցների մաքրման աշխատանքներն ընթացքի մեջ են

Նոր տեխնիկան միաժամանակ մի քանի գործողություն է կատարում։ Ձյուն մաքրելուց զատ այն նաև աղ ու ավազ է ցանում, տարվա տաք եղանակներին էլ կարող է ծառայել որպես ջրցան մեքենա։

Քաղաքապետարանը տարածած հաղորդագրության մեջ շեշտում է, որ Երևանի սանիտարական մաքրմամբ զբաղվող «Սանիթեք» ընկերությունը վերջին ժամանակահատվածում տարբեր պատճառներով բավարար չի իրականացնում իր գործառույթները, և երաշխավորված սանմաքրում ունենալու համար քաղաքը ձեռք է բերել սեփական տեխնիկա:

Վերջին 25 տարում Երևանի քաղաքապետարանն առաջին անգամ է աղբահանության և սանմաքրման իր սեփական հավաքակայանն ունենում:

«Հետագայում կլինի երկու կամ երեք օպերատոր, հաշվի առնելով նաև միջազգային փորձը, դրանցից մեկը նաև կարող է լինել հենց Երևան համայնքը: Բանակցություններն արդեն ընթանում են, որոնց արդյունքում տարվա ընթացքում համայնքը ևս կդառնա օպերատոր»,- ասել է Հայկ Մարությանը:

Հիշեցնենք` ի պատասխան ձնամաքրման տեխնիկա գնելու մասին քաղաքապետարանի հայտարարության, ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը դեռ 2018թ–ի դեկտեմբերի սկզբին արձագանքել էր` «իզուր»։