Համաներվածը. ոստիկանները հայտնաբերեցին առևանգված Opel-ը և առևանգողին

Հունվարի 11-ին, օրը ցերեկով, Շենգավիթ վարչական շրջանում մեքենա էին առևանգել:
Sputnik

Եղբայրության փողոցի շենքերից մեկի մոտ, «Օպել» մակնիշի մեքենայի տերը մեքենայի դռները բաց, շարժիչը գործարկված թողնելով` մի քանի րոպեով տուն էր մտել: Այս ընթացքում նրա մեքենան առևանգել էին:

Կատարվածի վերաբերյալ ժամը 13:40-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգ էր ստացվել:

«Օպելի» գույնը, հաշվառման համարանիշերը ճշտելուց հետո, իրավապահներն անհետաձգելի որոնողական աշխատանքներ ձեռնարկեցին: Կողմնորոշումներ ուղարկվեցին ոստիկանության բոլոր ստորաբաժանումներին: Հարկավոր էր արագ գործել, քանի դեռ կասկածյալը չէր հասցրել թաքցնել մեքենան: Ոստիկանության արտաքին և օպերատիվ ծառայություններից զատ, բացահայտման աշխատանքներին մեծապես կարող էին նպաստել նաև փողոցների տեսահսկող սարքերը, բայց գործը դրան չհասավ:

Մեքենան հայտնաբերվեց բացառապես ոստիկանության ծառայողների արագ փոխգործակցելու և պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ:

Բաժնի քրեական հետախույզները համագործակցելով Ճանապարհային ոստիկանության, պարեկապահակետային գնդի և Մալաթիայի բաժնի ծառայողների հետ, Սեբաստիայի փողոցում հայտնաբերեցին առևանգված «Օպել» մակնիշի մեքենան և վարորդին մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ էլ ճշտվեց կասկածյալի ինքնությունը` Վերին Շենգավիթի բնակիչ Արսեն Բադալյան:

Մանրամասները՝ Ոստիկանության տեսանյութում: