ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik. Հայաստանի սպառողներին չի օգնի նույնիսկ Ֆրանսիայի թագուհու հայտնի խորհուրդը` հացը թանկ է, բուլկի կերեք։ Ի տարբերություն 18-րդ դարի Փարիզի, մեր մոտ հացի թանկացումը սկսել է հենց բուլկուց։
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանի դիտարկմամբ, հայաստանյան շուկայում հացաբուլկեղեն ապրանքային խմբում առայժմ թանկացել է միայն բուլկեղենը։
«Էժան բուլկիները 10 դրամով թանկացել են, ինչը նախկին արժեքի նկատմամբ 10-12 տոկոսի տարբերություն է կազմում»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Պիպոյանը։
Ինչ վերաբերում է հացին, այս շուկայում գների փոփոխություն առայժմ չի արձանագրվել, բայց չի բացառվում, որ առաջիկայում կլինի։ Կամ եթե հացի գինը չփոխվի, կփոխվի քաշը, ինչպես ավանդաբար լինում է Հայաստանում ալյուրի թանկացման պարագայում։
«Հացի քաշը միշտ չէ, որ մակնշված է, և գնային փոփոխությունը հաշվարկելը բարդ է դառնում»,– ասաց Պիպոյանը` միաժամանակ նշելով, որ հացի առերևույթ չափը կապված է դրա թթխմորի պարունակությունից, դրա հասունացման աստիճանից ու թխման ջերմաստիճանից, հետևաբար առերևույթ դժվար է հասկանալ` հացը փոքրացել է, թե ոչ։ Պիպոյանի խոսքով, հացի իրական քաշը հաշվարկելու համար, անհրաժեշտ է մի քանի հաց միասին կշռել ու ստացված ցուցանիշը բաժանել հացերի քանակի վրա, մինչդեռ Հայաստանում հացը հիմնականում ոչ թե կշռով, այլ հատով է վաճառվում։
Հացամթերքի հերթական թանկացումն այս անգամ պատճառաբանվում է միջազգային ու հիմանականում` ռուսական շուկայում տեղի ունեցած գնաճով։ Համենայն դեպս, այս մեկնաբանությունն է տվել իր ուսումնասիրության արդյունքում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը։
Բաբկեն Պիպոյանը հանձնաժողովի եզրակացության հետ համաձայն է միայն մասնակի։
«Եթե մենք տոկոսային հարաբերակցությամբ վերցնենք Ռուսաստանի շուկան, կտեսնենք, որ տոկոսային տեսանկյունից այդքան չի փոխվել»,– ասում է Պիպոյանն ու հիշեցնում. «Դեկտեմբերին մենք բեռնափոխադրման խնդիր ունեցանք` լաստանավերի հետ կապված։ Թանկացումը սրանով ևս պայմանավորված է, ինչին ցավոք, մրցակցային մարմինն անդրադարձ չկատարեց»։
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իր ուսումնասիրության մեջ նշում է, որ 2018 թվականի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ Հայաստանում 1 կիլոգրամ ալյուրը թանկացել է շուրջ 10 դրամով։ Ավելի կոնկրետ 2018թ–ի վերջին Հայաստանում 1 տոննա բարձր կարգի ալյուրի գինը 213 000 դրամից դարձել է 223 000–ի, 1-ին կարգի ալյուրինը` 194 000–ից 204 000 դրամի, 2-րդ կարգինը` 145 000–ից 155 000–ի։
Հանձնաժողովը նաև նշում է, որ Հայաստան ներմուծված ալյուրի 52%-ը ներմուծել է «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ն, 23%-ը՝ «Մոդուս Գրանում» ՍՊԸ-ն, մնացած 25 %-ը` 84 տարբեր տնտեսվարողներ։
Ընդ որում, «Ալեքս Հոլդինգի» ու «Մոդուս Գրանումի»՝ հանձնաժողով ներկայացրած փաստաթղթերով, նրանք 2018թ–ի սեպտեմբերին 1 տոննա ալյուրը ՌԴ–ում գնել են 9 500 ռուբլով, իսկ դեկտեմբերին՝ 4 400 ռուբլով ավելի` 13 900 –ով։ Ընդ որում, այս գնի մեջ տեղափոխման ծախսերը ներառված չեն։
Հանձնաժողովը դիտարկել է նաև ռուսական շուկայի գներն ու վկայում է, որ այնտեղ իսկապես գնաճ կա և հիմնականում համապատասխանում է հայկական ընկերությունների ներկայացրած գներին:
Բայց հայաստանյան թանկացումն այսքանով չի ավարտվի։ Բանն այն է, որ ռուսական շուկայում ալյուրի գինը շարունակում է աճել։ Միայն հունվարին այն արդեն թանկացել է ևս 600 ռուբլով։ Բարձր կարգի ալյուրի 1 տոննան այսօր ՌԴ–ում վաճառվում է 19 500 ռուբլով։
Բացի այդ Հայաստանին առջևում նաև բեռնափոխադրման հետ կապված բարդություններ են սպասվում։ 2018 թվականի օգոստոսի վերջին Վրաստանի կառավարությունը հայտարարեց, որ արգելելու է Վրաստանից Հայաստան ցորենի ներկրումը ցամաքային ճանապարհով։ Բանակցությունների արդյունքում այս որոշման գործարկումը հետաձգվեց մինչև 2019թ–ի հոկտեմբերի 1-ը։
Միաժամանակ հայտարարվեց, որ Կովկաս–Փոթի–Կովկաս լաստանավային կանոնավոր փոխադրումը դեկտեմբերի 1-ից դադարեցվում է, և այսուհետ այն դատարկ չի երթևեկի, այլ ճանապարհ կընկնի միայն լիարժեք բեռնվելուց հետո։ Իսկ քանի որ դրա տարողությունը 30 վագոն է, հայ գործարարների համար այն կարող է լրացուցիչ դժվարություններ առաջացնել։
Նշենք, որ ՀՀ-ում ցորենի արտադրությունն ինքնաբավության տեսակետից 40 տոկոսից էլ ցածր է։