Փրկարարները գտել են Ռուսաստանում բախված Սու-34-երի օդաչուներից մեկին

Օդաչուն գտնվել է ծովում փրկարարական լաստի վրա և լուսային ազդանշան է տվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. Հայտնաբերվել է Ռուսաստանի հեռավոր արևելքում բախված Սու-34 ինքնաթիռներից մեկի օդաչուն, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ ՊՆ–ին։

Հունվարի 18-ին, ժամը 8:07–ին (Մոսկվայի ժամանակով) Ճապոնական ծովի ջրային տարածքի վրա պլանային ուսումնամարզական թռիչք իրականացնելիս, մանևրումը մշակելիս ափից 35 կմ հեռավորության վրա ՌՕՈւ և ՀՕՊ հեռավորարևելյան միավորման երկու Սու-34 ինքնաթիռ օդում միմյանց են բախվել։

Ռուսաստանի երկնքում երկու Սու-34 են բախվել. փնտրում են օդաչուներին

Մի-8 ուղղաթիռի անձնակազմը նկատել է Սու-34–ի օդաչուին։ Վերջինս լուսային ազդանշաններ է տվել, գրված է ՊՆ–ի հայտարարության մեջ։

ՌԴ ՊՆ–ից հայտնել են նաև, որ օդաչուն փրկարարական լաստից օդանավ է բարձրացվել։ Նրա վիճակը բավարար է։

Նշվում է, որ փրկարարական գործողություններն անցկացվել են դժվար եղանակային պայմաններում։

Ինքնաթիռները թռիչքն իրականացրել են առանց մարտական լրակազմի։ Օդանավերի անձնակազմի անդամները կատապուլտվել են։ Այժմ Մի-8 երկու ուղղաթիռներ և Ան-12 ինքնաթիռը փնտրում են երկրորդ օդաչուին։

Սու-34–երը բազմաֆունկցիոնալ կործանիչ–ռմբակոծիչներ են, որոնք կարող են խոցել օդային, ցամաքային, ծովային և վերջրյա թիրախներ։ Այն անձնակազմի երկու անդամ է ունենում։