ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը դրական է գնահատել Մնացականյան–Մամեդյարով հանդիպման արդյունքը

Գուտերեշը վերահաստատել է, որ ՄԱԿ–ը պաշտպանում է ղարաբաղյան հակամարտությանն ուղղված ԵԱՀԿ ՄԽ ջանքերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որը կայացել է հունվարի 16-ին Փարիզում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Այս մասին հայտարարությունը հրապարակվել է ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջում:

Ի՞նչ են քննարկել Ադրբեջանի և Հայաստանի նախարարները Փարիզում. փորձագետի եզրահանգումները

«Գլխավոր քարտուղարը բարձր է գնահատում Լեռնային Ղարաբաղի ձգձգված հակամարտության լուծման խաղաղ ուղիներ որոնելու կողմերի հանձնառությունը, և, մասնավորապես, ողջունում է ժողովուրդներին խաղաղության պատրաստելու ուղղությամբ կոնկրետ միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին նախարարների համաձայնությունը: Գլխավոր քարտուղարը վերահաստատում է լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևոր միջնորդական ջանքերին»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի միջնորդությամբ և մասնակցությամբ հունվարի 16-ին Փարիզում տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

Հանդիպումից հետո ԵԱՀԿ կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն, քննարկվել է Արցախի հարցերով Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման կազմակերպման հնարավորությունը։

«Նախարարներն ու համանախագահները ուսումնասիրել են հետևյալ քայլերը` Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների միջև հավանական գագաթնաժողովի կազմակերպման ճանապարհին, բանակցությունների դինամիկային ուժեղ խթան հաղորդելու համար: Համանախագահները մտադիր են առաջիկայում հանդիպել երկու երկրների առաջնորդների հետ», – ասված է հայտարարության մեջ։

Համանախագահներն ընդգծել են նաև բնակչությանը խաղաղության նախապատրաստելու համար կոնկրետ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը։