Հացադուլ, նամակ Փաշինյանին, զանգ քարտուղարուհուց. «Տատիկիս վարսերի» սկանդալը թեժանում է

Վերջին երկու ամիսներին «Տատիկիս վարսերը» ֆիլմի շուրջ ծագած սկանդալը չի հանդարտվում։ Ռեժիսոր Հովհաննես Գալստյանը ներկայացնում է իր դիրքորոշումը, իսկ Կինոկենտրոնը գերադասում է շփվել քարտուղարուհիների միջոցով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսորը մտադիր է փետրվարի սկզբին կրկին հացադուլ սկսել։ Այս մասին նա պատմեց Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

2018թ.–ի սկզբին Հայաստանի Ազգային կինոկենտրոնը հաստատել է նոր կանոնադրությունը և, օրենքը խախտելով, չեղարկել ավելի վաղ ընդունված պարտավորությունը ֆիլմը ֆինանսավորելու մասին։ Դեկտեմբերի 3–ից Հովհաննես Գալստյանը որպես բողոքի նշան հացադուլ էր սկսել։ Դեկտեմբերի 12–ին մշակույթի նախարարությունում տեղի է ունեցել Լիլիթ Մակունցի և Հովհաննես Գալստյանի հանդիպումը, որից հետո նա դադարեցրել է հացադուլը, իսկ նախարարը կարգադրել է փոխանցել գումարը։

Հացադուլ, նամակ Փաշինյանին, զանգ քարտուղարուհուց. «Տատիկիս վարսերի» սկանդալը թեժանում է

«Հունվարի 30–ին կկայանա դատարանի առաջին նիստը, որտեղ ես Ազգային կինոկենտրոնից կպահանջեմ կատարել իր պայմանագրային պարտավորությունները, իսկ արդեն փետրվարի սկզբին կրկին հացադուլ կհայտարարեմ, բայց արդեն Ազգային Ժողովի շենքի մոտ և կպահանջեմ կրկին հանդիպել մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցի հետ, որը հասկացել է խնդիրը և գրեթե լուծել այն», – ասաց նա` հավելելով, որ հացադուլին պատրաստ է միանալ բուլղարացի պրոդյուսեր Վիտալի Շարկևիչը։

Փրկել է Հայաստանը միջազգային սկանդալից. ի՞նչ ելք ունեցավ հացադուլ անող ռեժիսորի հարցը

Ռեժիսորը պատմեց, որ հացադուլը դադարեցնելուց հետո նա հանդիպել է միջգերատեսչական հանձնաժողովի հետ, որի կազմի մեջ են նաև Հայաստանի Ազգային կինոկենտրոնի ղեկավար Շուշանիկ Միրզախանյանը, մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը և այդ ժամանակ դեռ նախարար Լիլիթ Մակունցը։

Հանդիպումից հետո որոշում է ընդունվել փոխանցել գումարը նկարահանումները շարունակելու համար։ Հիմա ռեժիսորը պահանջում է հրապարակել ձայնագրությունը, որը կհաստատի իր խոսքերը։

Նա նաև պատմեց, որ միջոցներ փոխացնելու փոխարեն կինոկենտրոնը նամակներ է ուղարկել իր օտարերկրացի ներդրողներին` պահանջելով այն ֆինանսական փաստաթղթերը, որոնք նրանք պարտավոր չեն տրամադրել։ Ավելին`նրա խոսքով, կինոկենտրոնի ղեկավար Շուշանիկ Միրզախանյանը հայտարարել է, որ ավելի շուտ հրաժարական կտա, քան նոր պայմանագիր կկնքի և կփոխանցի միջոցները։

«Դա անձնական վրեժխնդրություն է և պայմանավորված է նրանով, որ ես հանդես եմ գալիս կինոարտադրության նոր համակարգ ձևավորելու օգտին, որտեղ չեն լինի մի քանի ՊՈԱԿ–ներ, ՀԿ–ներ և կառույցներ, որոնք իրար մեջ կկիսեն բյուջետային միջոցները և կխլեն այն ֆիլմերի փողերը, որոնք պետք է արտադրվեն», – նշեց Գալստյանը։

Իր հերթին տեսակապով մամուլի ասուլիսին միացած բուլղարացի պրոդյուսեր Վիտալի Շարկևիչը հայտարարեց, որ կինոկենտրոնի նման պահվածքը բացասաբար է անդրադառնում ամբողջ երկրի հեղինակության վրա։ Նրա խոսքով, եթե պետական կառույցը հրաժարվում է կատարել իր պայմանագրային պարտավորությունները, ապա չի կարելի վստահել նաև մասնավոր անձանց։

Հացադուլ, նամակ Փաշինյանին, զանգ քարտուղարուհուց. «Տատիկիս վարսերի» սկանդալը թեժանում է

«Մեզնից պահանջել են տրամադրել ֆինանսական փաստաթղթեր, մեջբերել են Հայաստանի օրենքները` նույնիսկ չիմանալով, որ համատեղ կինոարտադրությունում գործում են միջազգային նորմեր։ Ավելին`վերաբերմունքն այնքան անփույթ էր, որ նամակում սխալներ են եղել, ինչպես ֆիլմի անվանման մեջ, այնպես էլ մեր ընկերության», – նշեց նա։

Հուսահատ ռեժիսորը բաց նամակ է ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բայց ոչ թե ֆիլմին ֆինանսներ տրամադրելու, այլ ֆիլմերի արտադրությունը կառավարելու գործընթացում կարգուկանոն հաստատելու համար։ Նա առաջարկում է կառավարությանը կից ստեղծել մասնագիտացված կառույց, հանձնաժողով կամ գործակալություն, մի տեղում կենտրոնացնել կինոարտադրությանն ուղղված բոլոր միջոցները, ազատվել պաշտոնյաներից, որոնք ուզուրպացրել են կինոարտադրության կառույցը։ Գալստյանը պատրաստակամություն է հայտնել հանդիպել վարչապետի հետ և դեմ առ դեմ քննարկել ամեն ինչ։

Ինչու՞ էր հայ ռեժիսորը հացադուլ հայտարարել. Հովհաննես Գալստյանը պատմում է իր խնդրի մասին

Ի դեպ, Sputnik Արմենիայի թղթակիցը փորձեց Գալստյանի բոլոր մեղադրանքների վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Հայաստանի Ազգային կինոկենտրոնի ղեկավար Շուշանիկ Միրզոյանից, սակայն նա, նույնիսկ չլսելով հարցերը, հայտարարեց, որ զբաղված է և զանգն ուղղորդեց մամուլի ծառայություն։ Մի քանի րոպե անց խմբագրություն զանգահարեց քարտուղարուհին, որը փորձեց պարզել, թե թղթակիցը որտեղից գիտի իր ղեկավարի հեռախոսահամարը։ Մամուլի ծառայության հեռախոսահամարը տրամադրելու խնդրանքը նա մերժեց` հայտարարելով. «Այնտեղից գտեք, որտեղից վերցրել եք Միրզախանյանի հեռախոսահամարը»։

Նշենք, որ Parallels Film Production ընկերությունը, որը գլխավորում է Հովհաննես Գալստյանը, պետք է նկարեր «Տատիկիս վարսերը» գեղարվեստական կինոնկարը։ Այդ ֆիլմը Բուլղարիայի, Գերմանիայի և Հայաստանի առաջին համատեղ նախագիծն է։ Հայաստանի Ազգային կինոկենտրոնը ֆիլմի ֆինանսավորման համար պետք է հատկացներ 88 միլիոն դրամ։

Դրանից տրամադրվել է ընդամենը 23 միլիոնը։ Սակայն 2017թ.–ի ապրիլին Հայաստանի մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը Գալստյանից խնդրել է հինգ միլիոն դրամ։ Այդ միջոցները պետք է տրամադրվեին Կաննի կինոփառատոնին հայկական պատվիրակության մասնակցությունը կազմակերպելուն։ 2018թ.–ի սկզբին Հայաստանի Ազգային կինոկենտրոնը հաստատել է նոր կանոնադրությունը և, օրենքը խախտելով, չեղարկել ավելի վաղ ընդունված պարտավորությունը` կապված ֆիլմի ֆինանսավորման հետ։