Կառավարությունը դեռ չի որոշել` ինչ կրճատի. Արարատ Միրզոյանի հայտարարությունը

Իշխող քաղաքական ուժը դեռ քննարկում է, կառավարության նոր կառուցվածքը։ Միրզոյանը չի բացառել, որ դրա հաստատումը կուշանա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. Կառավարության կառուցվածքի վերաբերյալ վերջնական որոշում այս պահին չկա։ Այս մասին այսօր ԱԺ–ում, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«Կառավարության կառուցվածքի շուրջ այս պահին ինտենսիվ քննարկումներ են ընթանում և՛ գործադիրում, և՛ օրենսդիր մարմնում։ Վերջնական որոշում այս հարցի շուրջ դեռ չկա»,– ասաց նա։

Արարատ Միրզոյանը հաստատեց. ԱԺ օրակարգում ներառված հարցերից մեկը գոյություն չունի

Չնայած դրան, Միրզոյանը վստահ է, որ ԱԺ–ն առաջին նստաշրջանում կքննարկի կառավարության նոր կառուցվածքի մասին նախագիծը։ «Իմ անձնական տպավորությունն այդ քննարկումներից այն է, որ մենք, այնուամենայնիվ, կբերենք առաջին նստաշրջանում կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին նախագիծը, բայց և չեմ բացառում, որ չբերենք, որովհետև դեռ քննարկվում է այդ հարցը»,– ասաց նա։

Ինչ վերաբերում է Ոստիկանությունն ու ԱԱԾ–ն նախարարությունների վերածելու մասին խոսակցություններին, Արարատ Միրզոյանը հայտնեց, որ սխալ է համարում նման փոփոխությունն ու դրանց քաղաքականացումը։

Կառավարության կառուցվածքի փոփոխության մասին քննարկումների համատեքստում խոսվում է նաև այս կառույցներին նախարարության կարգավիճակ տալու հարցը` դրանց հաշվետվողականությունը բարձրացնելու նպատակով, քանի որ որպես ծառայություններ դրանք կառավարության կազմի մեջ չեն մտնում, անմիջականորեն ենթակա են վարչապետին ու հաշվետու չեն ԱԺ–ին։

Պատգամավորի իրանական կիքսը. Թեհրանն առհասարակ հապճեպ չի արձագանքում

Երեկ, ԱԺ նիստում Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ խորհրդարանի նիստի օրակարգում ընդգրկված «Կառավարության կառուցվածքի և գործունեության օրենքի փոփոխության նախագիծն» առայժմ գոյություն չունի։ Ըստ ԱԺ խոսնակի, հարցի ներառումը օրակարգում հնարավորություն է գործադրի համար և գործադրի իրավունքն է` նախագիծ ներկայացնելու։

Հիշեցնենք`Սահմանադրության համաձայն, վարչապետը նշանակվելուց հետո հնգօրյա ժամկետում հանրապետության նախագահին է առաջարկում փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին:

Այսինքն`եթե գործադիր ու օրենսդիր իշխանություններն այդ ժամկետում չհասցնեն օրենսդրական փոփոխություններ կատարել «Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին օրենքում», վարչապետը ստիպված կլինի նախարարներ նշանակել գործող օրենքով, որտեղ նրանց թիվը 17-ն է:

Նիկոլ Փաշինյանը դեռևս դեկտեմբերի 10-ին արտասահմանյան լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ նախարարությունների թիվը կառավարությունում պետք է կրճատվի` 17-ից դառնալով 12։