Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական արարողակարգից ազատ ժամանակ թենիս է խաղացել կնոջ հետ։
Նախագահի ու առաջին տիկնոջ սեղանի թենիսի խաղի տեսանյութն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Աբու Դաբիի հայ առաքելական եկեղեցու սպասավոր Հայր Վաչե Բալկջյանը։
Տեսանյութում երևում է, թե ինչ եռանդով է Արմեն Սարգսյանը վերաբերվում խաղին ու փորձում հաղթել տիկնոջը` Նունե Սարգսյանին։
«Այ հիմա արթնացա,– ասում է նախագահը, –հաճույքով պիտի հաղթեմ»։
Հիշեցնենք` ՀՀ նախագահը ԱՄԷ–ում մասնակցում է «Աբու Դաբի կայունության շաբաթ» (Abu Dhabi Sustainability Week) ֆորումին։
Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են նաև Հայաստանի նախագահի հանդիպումները Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրագույն ղեկավարության հետ: