Իտալացիներն են կառուցելու. ՀՀ կառավարությունը նոր ՋԷԿ–ի կառուցման մասին պայմանագիր է կնքել

Կայանը թույլ կտա ավելացնել Հայաստանից էլեկտրաէներգիայի արտահանումը և փոխարինել հնացած Հրազդան ՋԷԿ–ը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. ՀՀ կառավարությունը իտալական Renco ընկերության հետ նոր ՋԷԿ–ի կառուցման մասին պայմանագիր է ստորագրել։ Պայմանագրի նախագիծը հավանության է արժանացել կառավարության դեկտեմբերի 18-ի նիստում։

Renco  ընկերության հետ շինարարության մասին հուշագիրը կառավարությունը ստորագրել է դեռևս 2015 թվականի դեկտեմբերին։ Վարկատուների հետ բանակցություններն ավարտվել են 2018 թվականի ապրիլին։ 2018 թվականի օգոստոս–սեպտեմբերի ամիսներին կառավարությունը կրկին բանակցություններ է անցկացրել։ Արդյունքում, 2018 թվականի նոյեմբերին, սակագինը հաջողվել է իջեցնել։

Իտալացիները Հայաստանում 26 ամսում կկառուցեն Կովկասի ամենաարդյունավետ ՋԷԿ–ը

Այժմ հուշագրի հիման վրա պայմանագիր է ստորագրվում, որը նախագիծը կյանքի կկոչի։

Կայանը կլինի մոտ 250 ՄՎտ հզորությամբ, ծրագրի իրականացման համար կներդրվի 250 մլն ԱՄՆ դոլար (ԱԱՀ–ն չհաշված)։ Շինարարությունը կտևի 26 ամիս։ Նախագծի հիմնական բաժնետերը կլինի իտալական Renco ընկերությունը։

Արդյունքում Renco–ն չորս կոմերցիոն բանկ և Simest իտալական պետական կորպորացիային է (աջակցում է արտերկրում իտալական ընկերությունների ստեղծմանը) ներգրավվել։ Իսկ նախագծի 40% մասնակիցը կլինի Siemens գերմանական ինդուստրիալ հսկան։

Նոր կայանը թույլ կտա ավելացնել արտահանումը դեպի Իրան, ինչպես նաև փոխարինել հնացած Հրազդան ՋԷԿ–ի հզորությունները։

Արտահանումը կարևոր է նրանով, որ 2019 թվականին նախատեսվում է ավարտել Իրանից Հայաստան 400 կիլովոլտանոց նոր ԷՀԳ–ի շինարարությունը։ Մշակվում է նաև նախագիծ դեպի Վրաստան 400 վոլտանոց միջանցքի շարունակության համար։ Այս ամենը թույլ կտա եռակի ավելացնել էլեկտրաէներգիայի արտահանման և տարանցման Հայաստանի հնարավորությունները։

Շինարարությանը ներգրավված կլինի մինչև 1200 մարդ, իսկ գործարկվելուց հետո, այնտեղ շուրջ 250 էներգետիկ է աշխատելու։