Բողոքի ակցիա կառավարության շենքի դիմաց. ավտոդիլերները ուզում են ծայրահեղ միջոցների դիմել

Ավտովաճառողները դժգոհ են իրենց նկատմամբ իշխանությունների վերջին որոշումից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. Ավելի քան 30 ավտովաճառող ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել։ Նրանք պահանջում են չեղարկել գործող օրենքն ու համաներում շնորհել ամբողջ 2018 թվականի ընթացքում ավտոմեքենաների առուվաճառքից ստացված հարկերի չվճարված տուգանքների համար։

Ինչո՞ւ են ավտովաճառողները պահանջում չեղյալ հայտարարել չվճարված հարկերը

Բանն այն է, որ օրենքով տարեկան մեկ ավտոմեքենայից ավել վաճառելու դեպքում ֆիզիկական անձինք պետք է ԱԱՀ վճարեն։ Գները չբարձրացնելու և հարկերի վճարումից խուսափելու համար, ավտովաճառողները կամ մեքենաները վաճառում էին բարեկամների միջոցով, կամ ձևակերպում գործարքը որպես նվիրատվություն։ Հետագայում նման մախինացիաները բացառելու նպատակով, 2018 թվականի հուլիսի 1-ից օրենքում փոփոխություններ են մտցվել։ Հիմա, եթե ֆիզիկական անձը տարվա ընթացքում 1 մեքենայից ավելի է գնել, ապա յուրաքանչյուր հաջորդից, նույնիսկ որպես նվիրատվություն ձևակերպած գործարքից, նա պետք է ԱԱՀ վճարի։ Ավելի վաղ քննարկվել էր, որ ԱՀՀ–ն ավտոմեքենայի շուկայական գնի 20-80%–ն է կազմում։ ԱԱՀ–ն չվճարելու դեպքում ֆիզանձը տուգանք է վճարում կախված չվճարման ժամկետից և մեքենայի արժեքից։

Այսօր տեղի է ունեցել ավտովաճառողների հանդիպումը ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի հետ։ Սակայն կողմերը համաձայնության չեն եկել։

«Մեզ ասացին յուրաքանչյուր տուգանված մեքենայի համար 1,5% վճարենք և այդքանով փակեք թեման։ Իսկ մենք պահանջում ենք չեղարկել տուգանքները։ Ստացվում է, որ իրենք ոտքի վրա որոշել են 20%-ը փոխարինել 1.5%–ով։ Եվ ընդհանրապես ինչի՞ց 1.5%։ Ով է հաշվելու, ինչպես են որոշելու, որ ես մեքենայի համար շուկայական գնով չեմ վճարել», – զայրանում է «Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ–ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։

Ավտովաճառողները նաև պահանջում են լուծել կուտակված մյուս հարցերը։ Հրաժարվելու դեպքում ծայրահեղ միջոցների կդիմեն. կփակեն ճանապարհները կամ մաքսակետը։

Հիշեցնենք, որ Հայաստանում մի քանի հարյուր ավտովաճառող է աշխատում, որոնք տարեկան մի քանի մեքենա են վաճառում, այն էլ հիմնականում ոչ շատ թանկարժեք։ Փորձագետների գնահատականներով` ավտովաճառողների և ավտոշուկային բաժին է հասնում հանրապետության մեքենաների վաճառքի մոտ 95%–ը։ Ավտոմեքենաներ վաճառող խանութներում մեքենա են գնում միայն հարուստ մարդիկ, խոշոր ձեռնարկություններն ու միջազգային կազմակերպությունները։