Ի՞նչ են քննարկել Ադրբեջանի և Հայաստանի նախարարները Փարիզում. փորձագետի եզրահանգումները

Փարիզյան հանդիպումը տևել է 4 ժամ. միջազգային փորձագետի համոզմամբ սա խոսուն փաստ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. Արցախյան կարգավորման համատեքստում բոլոր հանդիպումները` թե՛ նախորդը, թե՛ երեկ Փարիզում կայացածը, ուղղված են ստեղծելու այնպիսի մթնոլորտ, որտեղ կարելի է բանակցել։ Այս մասին այսօր ԱԺ–ում, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը` մեկնաբանելով փարիզյան հանդիպման արդյունքները։

Աշոտյանը Փաշինյանից և Մնացականյանից պահանջում է անհապաղ պատասխանել իր մտահոգություններին

«Դա գալիս է Վիեննայի պայմանավորվածությունից, որը բխում էր 2016թ.–ի քառօրյա պատերազմից։ Այնտեղ առաջին հերթին մենք, ապա նաև ՄԽ–ը շեշտեցինք, որ անհնար է ունենալ որևէ բանակցություն, որտեղ մի կողմն անընդհատ փորձում է ռազմական ճանապարհով լուծել հարցը»,– ասաց Իգիթյանը` հավելելով, որ այս է նաև պատճառը, որ արդեն շուրջ 3 տարի բանակցություններն ընդհանրապես բացակայում են։

Ինչ վերաբերում է հայկական կողմի դիրքորոշմանը, Հովհաննես Իգիթյանի խոսքով, եթե մենք պատրաստ չլինեինք խաղաղության, ապա 1994թ.–ին թե՛ ՀՀ–ն ու թե՛ ԼՂ–ն չէին ստորագրի զինադադարի համաձայնագիրը։

«Թե Նիկոլ Փաշինյանի, և թե՛ Զոհրապ Մնացականյանի քայլերն ուղղված են Վիեննայի պայմանավորվածությունների իրականացմանը,– ասաց նա,–իսկ այն ինչ վերջին 2.5 տարի և, հատկապես, վերջին 7 ամիսն անում է ՄԽ–ը` հետևյալն է` կողմերին բերել Վիեննայի պայմանավորվածությունների իրականացման հարցին»։

Քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը. տեսանյութ

Հովհաննես Իգիթյանը շեշտեց, որ փարիզյան հանդիպումը տևել է շուրջ 4 ժամ, ինչը, ըստ նրա, նշանակում է, որ 4 ժամ շարունակ քննարկվել են խաղաղությանն ուղղված ռեալ հարցեր, իսկ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությունը, նրա համոզմամբ, վկայում է, որ քննարկվել են մոնիթորինգի մեխանիզմի ստեղծման ու իրականացման հարցերը։

Երեկ` հունվարի 16-ին Փարիզում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախախարների հանդիպումը`ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ։

Հանդիպումից հետո ԵԱՀԿ կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն, քննարկվել է Արցախի հարցերով Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման կազմակերպման հնարավորությունը։

«Նախարարներն ու համանախագահները ուսումնասիրել են հետևյալ քայլերը` Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների միջև հավանական գագաթնաժողովի կազմակերպման ճանապարհին, բանակցությունների դինամիկային ուժեղ խթան հաղորդելու համար: Համանախագահները մտադիր են առաջիկայում հանդիպել երկու երկրների առաջնորդների հետ», – ասված է հայտարարության մեջ։

Համանախագահներն ընդգծել են նաև բնակչությանը խաղաղության նախապատրաստելու համար կոնկրետ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը։