Ավտոմեքենաների ներկրման գործընթացը չի փոխվել. փոխվել են գները

ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը պարզաբանել է ավտոմեքենաների ներկրման գործընթացի առանձնահատկությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. Հունվարի 1-ից ՊԵԿ-ը ներմուծել է ավտոմեքենաների մաքսային արժեքի հաշվառման նոր գործիք։

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով ավտոմեքենաների ներկրման կարգի շուրջ առկա տարաբնույթ մեկնաբանություններին, ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

2018թ–ի բյուջեն գերակատարվել է. Անանյան

«Անձինք, ովքեր մեքենա են ձեռքբերել դրսում և ունեն արժանահավատ ինվոյս՝ ձեռք բերման փաստաթուղթ, որևէ խնդիր չունեն, այդ փաստաթղթի հիման վրա կատարվելու է մաքսային ձևակերպում»,– հայտարարեց ՊԵԿ նախագահը։

Նրա խոսքով, ՀՀ քաղաքացիները, մաքսային ձևակերպման համար բարենպաստ արժեք ունենալու համար, զանազան կազմակերպությունների միջոցով փորձում էին ձեռք բերել ոչ արժանահավատ ինվոյսներ: Դրանից խուսափելու համար ՊԵԿ կայքում ներդրվեց նոր գործիք, որով քաղաքացիները կարող են ավտոմեքենան ներկրելուց առաջ ներմուծել դրա տվյալներն ու ստանալ այն արժեքը, որով ինվոյսի բացակայության պայմաններում Մաքսային ծառայությունն իրականացնելու է մաքսային ձևակերպումը:

ՊԵԿ նախագահը նշեց, որ անձը ներկայացնում է ավտոմեքենայի ձեռք բերման բոլոր փաստաթղթերը, ինվոյսը համեմատվում է հաշվիչի արժեքի հետ և եթե որևէ տարբերություն չկա մաքսային ձևակերպումը կատարվում է:

«Եթե ինվոյսն ավելի ցածր է քան հաշվիչի տվյալը, ապա այն ներկայացվում է համապատասխան վարչություն զննման համար: Եթե առերևույթ բան չի հայտնաբերվում, այդ դեպքում ևս մաքսային ձևակերպում կատարվում է ինվոյսի հիման վրա»,– ասաց Անանյանը։

Հակառակ դեպքում, եթե պարզվում է , որ խնդիրներ կան, կիրառվում են պատասխանատվության միջոցներ։