Դուրս գալ «Վերին Լարսի» գերությունից. կփրկվեն արդյո՞ք բեռնափոխադրողները

«Վերին Լարսին» այլընտրանքային երթուղու գործածման գործընթացը միայն մեկ պայմանում կլուծվի։
Sputnik

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

«Վերին Լարս» անցակետով այլընտրանքային ճանապարհները կարող են գործածվել միայն 2011 թվականի վրաց–ռուսական համաձայնագրի լիարժեք իրագործման դեպքում։ Երևանը կարող է դրա հույս ունենալ միայն Մոսկվայի ու Թբիլիսիի միջև քաղաքական հարցի լուծման պայմաններում։ Իրավիճակը չեն փրկի նաև շվեյցարական SGS  ընկերության մոնիտորները։

Ինչպե՞ս ազատվել Վերին Լարսի խնդրից. Հայաստանում գիտեն, մնում է Վրաստանը

Հայկական մամուլում օրերս տեղեկություն էր հայտնվել, որ մինչ փետրվարի վերջը կարող են գործածվել Վերին Լարսին այլընտրանքային երթուղիներ Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի միջով։  Խոսքը 2011 թվականի «Մաքսային վարչարարության մեխանիզմների և առևտրի մոնիթորինգի հիմնական սկզբունքների մասին» ռուս-վրացական համաձայնագրում նշված միջանցքների մասին է։

Այսօրվա պայմաններում  դա անհնար է, լավագույն դեպքում փետրվարին կարող է եռակողմ հանդիպում կայանալ Ռուսաստանի, Վրաստանի ու SGS  շվեյցարական ընկերության ներկայացուցիչների միջև։  Բանն այն է, որ հենց SGS–ն է իր վրա վերցրել ապրանքների մոնիթորինգի առաքելությունը 2011 թվականի պայմանագրի իրագործման դեպքում։ Վրաստանը շվեյցարացիների հետ գործարք է կնքել 2017 թվականի դեկտեմբերի 19–ին։ 2018 թվականի մայիսի 18–ին նման գործարք է կնքել նաև Ռուսաստանը։

Խոսքից գո՞րծ

Սակայն գլխավոր հարցն այն է, թե երբ են կողմերը խոսքից գործի անցնելու։ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ առաջիկայում հարցը կպարզվի։

Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Մամուկա Բախտաձեի հետ

«Մենք աշխատում ենք, գործարքները կնքվել են, հաջորդ քայլը իրագործումն է։ Կողմերն աշխատում են գործնական քայլերի իրականացման վրա»,  – ասաց Աբաշիձեն։

Սակայն նա չի պարզաբանել` երբ դա տեղի կունենա ու արդյոք այդ գործընթացը ենթադրում է, որ գործածվելու են Աբխազիայով ու Հարավային Օսեթիայով երթուղիները։

«Սա այնպիսի հարց է, որ պետք է մանրակրկիտ ուսումնասիրել», – նշեց նա։

Բանն այն է, որ փորձագետներն ինչպես Վրաստանում, այնպես էլ Հայաստանում բազմիցս նշել էին, որ Լարսին այլընտրանքային ճանապարհի հարցը քաղաքական բնույթ է կրում։ Միջանցքների գործածման համար Աբխազիայի ու Օսեթիայի ղեկավարությունները պահանջում են, որ Վրաստանը ճանաչի հանրապետությունների անկախությունը։ Պաշտոնական Թբիլիսին չի գնա դրան։

Լարսը դեռ փակ է

Քաղաքականությունը քաղաքականություն, բայց տուժում են ներկրողները, ու ոչ միայն հայ։ Օրինակ, վերջին երկու օրվա ընթացքում հեղուկ գազ մատակարարող ընկերությունների պաշարները մարել են ու վարորդները ստիպված էին բենզին օգտագործել։ Պատճառն այն էր, որ «Վերին Լարսի» անցակետը եղանակային պայմանների պատճառով պարբերաբար փակվում էր։

Լարսում կուտակումներ են. 158 բեռնատար, 79 մարդատար ավտոմեքենա և 1 ավտոբուս սպասում են

«Մեքենաները 14 օրվա ընթացքում անցակետում էին մնացել, այդ ընթացքում հեղուկ գազի մեր պաշարները վերջացել էին։ Սակայն երեկ դրանք եկան ու մենք լրացրեցինք պաշարները, հիմա ամեն ինչ կարգին է»,  – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց հեղուկ գազ մատակարարող ընկերություններից մեկ ներկայացուցիչը։

Հայաստանում հեղուկ գազը աստիճանաբար տարածում է ստանում։ Բնական գազից տարբերվում է նրանով, որ ավելի թեթև է ու շարժիչի վրա բացասական ազդեցությունն այդքան մեծ չէ։

Նման իրավիճակ է ստեղծվում նաև այն ներկրողների հետ։ Ավելին, ավելի վատ են այն մարդկանց գործերը, որոնք ներկրում ու արտահանում են Ռուսաստան։ Նախկինում Լարսի գերին էին դարձել SPAYKA ընկերության բեռնատարները. մոտ 100 մեքենա մնացել էր Ռուսաստանի ու այնտեղից վերադարձի ճանապարհին։

Ո՞րն է ելքը

Հայաստանն ու Ռուսաստանը միացնող միակ ցամաքային ճանապարհի սեզոնային խնդիրները կարող է լուծել միայն Խաչի լեռնանցքում երկկողմանի երթևեկելի թունելի կառուցումը։ Դեռ 2018 թվականի հուլիսին Վրաստանի տարածաշրջանային զարգացման ու ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը մինչև վրաց–ռուսական սահմանը ճանապարհի հատվածի շինարարության տենդեր էր հայտարարել։ Նախագիծը նախատեսում է, որ 22,7 կիլոմետր երկարության ասֆալտաբետոնային ճանապարհ, վեց կամուրջ ու հինգ թունել էր կառուցվելու։ Այդ թունելների շարքում Խաչի լեռնանցքի տասը կիլոմետրանոց թունելն էր։

Ո՞վ կփրկի Մանթաշյանցի տունը. Թբիլիսիի հայկական մարգարիտը վաճառքի են հանել

Հիշեցնենք` Ռուսաստանից Հայաստան բեռնափոխադրումների ավելի քան 80%–ը իրականացվում է 19-րդ դարի սկզբում նորոգված և Ռազմական վրացական անվանումը ստացած ճանապարհով, որը մինչ այդ գոյություն է ունեցել հնագույն ժամանակներից: Դրա մասին պատմում է նույնիսկ հույն պատմիչ Ստրաբոնը: «Վերին Լարսը» Ռուսաստան-Վրաստան սահմանային անցակետն է։

Այսօր փորձագետներն այլընտրանքային վեց տարբերակ են դիտարկում` օդային, ծովային (Փոթիից), երեք ցամաքային (Հարավային Օսեթիայի միջանցքը, Դաղստանով Ավարա-կախեթական և Վերին Լարսի  ճանապարհները) և երկաթուղայինը (անցնում է Զուգդիդի-Սոչի երթուղով և Աբխազիայի միջով)։

Սակայն տնտեսական տեսանկյունից Հայաստանի համար առավել նախընտրելի է Նառ (Հյուսիսային Օսեթիա)–Գորի երթուղին, որն անցնում է Հարավային Օսեթիայով։

Այն երկար է Լարսից 80 կմ–ով, բայց նախընտրելի է ավելի բարենպաստ կլիմայական պայմանների և ռելիեֆի շնորհիվ։