ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. Հայաստանի Փաստաբանների պալատի ակումբը քննարկեց Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանի ավտոմեքենայի վրա հարձակվելու հետ կապված միջադեպը։
Մանվել Գրիգորյանի գործով նիստը տեղափոխելու որոշումից հետո դատարանի շենքի մոտ հավաքված ցուցարարները փակել էին փաստաբանի ավտոմեքենայի ճանապարհը և թույլ չէին տվել նրան դուրս գալ տարածքից։ Նրան հաջողվել է լքել տարածքը միայն ոստիկանության աշխատակիցների օգնությամբ, սակայն ցուցարարները հասցրել են ներկ լցնել նրա ավտոմեքենայի վրա։
Փաստաբանների պալատի ղեկավար Արա Զոհրաբյանը հայտարարեց լրագրողներին, որ նիստը վկայում է իրենց գործընկերների անվտանգության հարցերի վերաբերյալ փաստաբանների մտահոգության մասին։ Նրա խոսքով` քաղաքացիները կարող են իրենց դժգոհությունը հայտնել և խաղաղ ակցիաներով ազդել որոշակի գործընթացների վրա, սակայն տվյալ դեպքում խոսքը արդարադատության մասին է, որը չպետք է լինի սպառնալիքի տակ։ Դա իրավական պետության անընդունելի դիրքորոշում է, քանի որ խոցելի իրավական ակտերը կարող են հեշտությամբ բողոքարկվել միջազգային ատյաններում, կարծում է նա։
«Մեզ հատկապես անհանգստացնում է այն փաստը, որ վիրավորանքներից անցում են կատարել գործողությունների։ Մասնավորապես, թքել են փաստաբանի մեքենայի վրա։ Եթե մենք չարձագանքենք, ապա, հնարավոր է, հաջորդը կլինի փաստաբանների դեմ բռնություն գործադրելը», – ասաց պալատի ղեկավարը։
Զոհրաբյանը հույս հայտնեց, որ իրավապահ համակարգը պատշաճ կերպով կարձագանքի նման միջադեպերին։ Նա նշեց, ոչ Գրիգորյանի գործով դատական նիստի ժամանակ փաստաբանները և ակտիվիստները գտնվել են շենքի բակում, բայց նրանց միջև բախումներ չեն եղել։
Իր հերթին Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը հայտարարեց, որ իր համար շատ տհաճ էր իր հասցեին լսել վիրավորանքներ և կոպիտ արտահայտություններ, սակայն նա չի պատասխանել և հետագայում էլ չի տրվի սադրանքներին։ Նա նշեց, որ սա առաջին գործը չէ, երբ իր վրա ճնշում է գործադրվում սոցիալական ցանցերում և ոչ միայն, բայց նա մտադիր է չզիջել և շարունակել իր փաստաբանական գործունությունը։
«Իմ մեսինջերում բազմաթիվ հաղորդագրություններ կան, որոնք մի քանի քրեական հոդվածի նյութ են պարունակում, բայց ես չեմ պատրաստվում գնալ մանր վրեժխնդրության։ Նրանք նույնպես քաղաքացի են, և բացառված չէ, որ կլինեն իմ պաշտպանյալները», – նշեց նա` հիշեցնելով, որ «Փաստաբանական գործունեության մասին» օրենքը հստակ ձևակերպում է, որ փաստաբանի ունեցվածքի նկատմամբ ոտնձգությունը արդարադատության հանդեպ ոտնձգություն է։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21-ին գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին 25 մլն դրամ գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու որոշում էր կայացրել։
Դրանից անմիջապես հետո Էջմիածնում բողոքի ակցիաներ էին սկսվել։ Ինքնադատաստանի հնարավոր փորձերը կանխելու նպատակով, Գրիգորյանին տեղափոխել են Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղ, որտեղ նա առանձնատուն ունի։ Ոստիկանությունն այնտեղ շուրջօրյա վերահսկողություն է իրականացնում։
ՀՀ Գլխավոր դատախազությունը դեկտեմբերի 24-ին վերաքննիչ բողոք էր ներկայացրել` Մանվել Գրիգորյանի նկատմամբ կիրառված գրավը դարձյալ կալանքով փոխելու միջնորդությամբ։