«Լուսավոր Հայաստանի» կռիվը ԲՀԿ-ի հետ չէ. ի՞նչ է պահանջում Մարուքյանն իշխանությունից

Էդմոն Մարուքյանի ղեկավարած խմբակցությունն «Իմ քայլը» դաշինքից պահանջում է խորհրդարանի փոխնախագահի պաշտոնի ընտրության ժամանակ ձայնը տալ իրենց թեկնածուին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. Վաղը, Ազգային ժողովի ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության ժամանակ, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը խորհրդարանական մեծամասնություն «Իմ քայլը» խմբակցությանն առաջարկում է քվեարկել իրենց առաջադրած թեկնածուի օգտին:

Պայքարը թեժ է. ԲՀԿ-ն ու «Լուսավոր Հայաստանը» պայքարում են մեկ պաշտոնի համար

Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստանի ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Մեզ ասում են` ինչու՞ չեք ԲՀԿ-ի հետ բանակցում, որ մի թեկնածու լինի, մենք էլ հեշտ քվեարկենք: Այսինքն`իշխանությունը փորձում է իր բեռը բարդել մեզ վրա»,- ասաց Մարուքյանը:

Նրա խոսքով իրենք և ԲՀԿ-ն արդեն որոշել են`յուրաքանչյուրն առաջադրում է իր թեկնածուին, հիմա իշխանությունը պետք է որոշի, թե ում է ձայն տալու:

«Ես դրա համար եմ ասում, որ իմ կռիվը ԲՀԿ-ի հետ չէ: Անտրամաբանական է նրանցից հայցել ձայներ, նրանք թեկնածու ունեն: Մեր բոլոր շեշտադրումները, գնահատականները, հորդորները ուղղված են «Իմ քայլը» դաշինքին»,- ասաց Մարությանը:

Իսկ տեսակետը, թե ԲՀԿ-ն ստացած ձայներով այս խորհրդարանի երկրորդ ուժն է, ուստի նրան է պատկանում ընդդիմության ներկայացուցիչ փոխնախագահի պաշտոնը, Մարուքյանը չի ընդունում` հակադարձելով. «Կարող է ՀՀԿ-ն լիներ երկրորդ ուժը, պիտի ընտրեի՞ն»:

ԱԺ 3 փոխնախագահի համար առաջադրվել է 4 թեկնածու

Նշենք, որ ԱԺ նախագահն, ըստ կանոնակարգի, ունի 3 տեղակալ, որից 2-ը քաղաքական մեծամասնության` «Իմ քայլը» խմբակցության անդամներ են: Խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել է Լենա Նազարյանի ու Ալեն Սիմոնյանի թեկնածությունները:

Հիշեցնենք, որ այս հարցի կապակցությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ հայտարարել էր, որ ճիշտ է, որ այդ պաշտոնը ստանա ընտրողների ավելի շատ ձայներ ստացած քաղաքական ուժը, տվյալ դեպքում՝ ԲՀԿ-ն: ԱԺ Կանոնակարգ օրենքը, սակայն, նման կարգավորում չի նախատեսում և ընտրությունը թողնում է խորհրդարանի վրա:

ԱԺ փոխնախագահների ընտրությունը խորհրդարանում կանցկացվի վաղը: Իսկ այսօր 7-րդ գումարման խորհրդարանն իր առաջին աշխատանքային օրը հասցրեց ընտրել միայն ԱԺ նախագահին: