Ի՞նչ է արվել վերջին 8 ամսում և ի՞նչ պետք է արվի. քննարկել են նախագահն ու վարչապետը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նրանք ներքաղաքական հարցերի լայն շրջանակ են քննարկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. «Մեր խորհրդարանը շատ մեծ անելիքներ ունի և, այս փուլում այդ անելիքները շատ հստակ են: Խորհրդարանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի «թավշյա հեղափոխության» գաղափարները, հույսերը, սպասելիքներն այսօր, վաղը, մյուս օրը իրականություն դառնան»:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, այս մասին ասել է Արմեն Սարգսյանն Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքում մեծամասնություն ստացած ուժի՝ «Իմ քայլը» դաշինքի ղեկավար և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ:

Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին նշանակել է ՀՀ վարչապետ

Շնորհակալություն հայտնելով` նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդգծել է, որ հիմնական քաղաքական փոփոխությունը, որ Հայաստանի Հանրապետությունում ակնկալվում էր, արդեն իսկ տեղի է ունեցել՝ իշխանությունը լիարժեք վերադարձված է ժողովրդին, և Հայաստանում հաստատված է ժողովրդավարություն: «Այլ խնդիր է, որ այդ ժողովրդավարությունը պետք է ինստիտուցիոնալ երաշխիքներով ամրապնդվի, որպեսզի ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, տնտեսական գործունեության համընդհանուր հասանելիությունը երաշխավորվեն ոչ թե քաղաքական իրավիճակով, ոչ թե անձերով պայմանավորված, այլ ժողովրդավարական, պետական, քաղաքական ինստիտուտների կայացմամբ:

Տնտեսական կյանքում նույնպես կարևոր փոփոխություններ են տեղի ունեցել: Ըստ էության, Հայաստանում մենաշնորհային տնտեսական համակարգն այլևս գոյություն չունի առնվազն քաղաքական կամքի և իրողությունների մակարդակով, բայց այդտեղ էլ մենք ինստիտուցիոնալ երաշխիքների կարիք ունենք»,–ասել է Փաշինյանը:

Վարչապետի խոսքով` գործ ունենք նոր իրավիճակի հետ, և շատ կարևոր է նախագահի, վարչապետի, կառավարության, Ազգային ժողովի համագործակցությունը: «Պետք է արձանագրել, որ անցած 8 ամիսների ընթացքում որոշակի պրակտիկա կուտակել ենք, բայց, այնուամենայնիվ, սա նոր իրավիճակ է, նոր ինստիտուցիոնալ հարաբերություններ են, և մենք պետք է կարողանանք այստեղ նույնպես այնպիսի ավանդույթներ ստեղծել, որոնք կերաշխավորեն իշխանությունների հստակ տարանջատումը, ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և, իհարկե, փոխզսպումների և հակակշիռների համակարգ»,–նշել է ՀՀ վարչապետը:

Նա խոստացել է, որ ինքը և իրենց քաղաքական ուժը նվիրված են այդ տեսլականին և այդ գաղափարին:

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել և նշել, որ վստահ է, որ այս խոսքերը զուտ խոսքեր չեն։