Ամանորը կանանց գաղութում. նրանք ոչ թե եկող, այլ հեռացող տարվա համար են ուրախանում

Sputnik Արմենիայի թղթակիցներն այցելել են կանանց գաղութ և զրուցել բանտարկյալների հետ։ Նրանք Ամանորն այլ կերպ են նշում և ուրախանում ոչ թե նորի գալուստով, այլ նրանով, որ անցավ ևս մեկ տարի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի –Sputnik, Նանա Մարտիրոսյան. Ընդունված է համարել, որ Նոր տարին ընտանեկան տոն է։ Դրա մասին խոսելիս`գլխումդ անմիջապես հայտնվում է ընտանեկան ներդաշնակության տեսարանը, մանդարինի հոտն ու զանգերի ղողանջը։ Երկրի բնակչության հիմնական մասն Ամանորը դիմավորում է սեղանի շուրջ փրփրուն շամպայնով։ Սակայն կան մարդիկ, ում կյանքն ընթանում է սպասման ռեժիմում, և նրանք տոնը դիմավորում են ճաղերի հետևում։ Հատկապես դժվար է, եթե բանտարկյալը կին է և երեխաներ ունի։

Կանանց գաղութը Հայաստանում. միֆեր և իրականություն

Դատապարտյալ Եվան (անունը փոխված է – խմբ.) հիշում է`վերջին Ամանորին, երբ նա տանն էր դիմավորում ինչպես էին իր երեխաները պատուհանից պատշգամբ և հակառակ ուղղությամբ վազում` հրավառությունն ավելի լավ տեսնելու համար։ Ինչպես էր որդին մռութը կախում ու բլինչիկ խնդրում, բայց ոչ թե մսով, այլ քաղցր միջուկով և խտացրած կաթով, իսկ դուստրն իր պատրաստած համեղ ուտեստներից ոչինչ չէր ուտում` նախընտրելով մարինացված վարունգը։ Ընտանիքն աղմուկով էր պատրաստվում տոնին, իսկ ինքը սեղան էր նստում միշտ վերջին պահին` մոռանալով հագնել իր գնած նոր գուլպաները։ Ասում են, որ դա հաջողության նշան է, բայց ահա վրա հասավ անհաջողությունը, որն արդեն տարիներ է ձգվում։ Այն ժամանակ պահի քաղցրությունը չէին գիտակցում, իսկ հիմա` քրեակատարողական հիմնարկի ցանկապատի հետևում, երեկոյի յուրաքանչյուր ժպիտ ջերմացնում և ուժ է տալիս։

Կալանավայրում Նոր տարին այլ կերպ են դիմավորում։ Անկասկած, տոնի զգացում կա, սակայն ոչ այնպես, ինչպես լինում է տանը։ Որպես կանոն, զանգերի ղողանջից հետո դատապարտյալ կանայք սկսում են գրկախառնվել և միմյանց շնորհավորել ևս մեկ գնացող տարվա համար, այստեղ հենց դրա համար են ուրախանում, և ընտանիքի անդամների հետ զրուցելուց հետո, շնորհավորում Նոր տարին։ Բանտարկյալներին թույլատրված է զանգահարել տուն և շնորհավորել ընտանիքի անդամների Ամանորը, սակայն դրանից նրանք ավելի են տխրում։ Որպես կանոն, խոսափողի մյուս կողմում երեխաներն ու մայրերը լալիս են, իսկ այս կողմում գտնվող կանայք լուռ դնում խոսափողը։ Կան նաև այնպիսիք, որոնք ցույց չեն տալիս իրենց մտահոգությունն ու անձամբ են ուժ տալիս տանը սպասողներին։

«Մի կին կար։ Ամանորի գիշերը զանգահարում էր տուն և սկսում քննարկել քրեական գործի մանրամասները։ Նրանք հեռախոսով երկար զրուցում էին և մտածում, թե ինչպես կարելի է բողոքարկել վճիռը։ Մենք հերթ էինք կանգնում և բարկանում, իսկ նա բարձրաձայն ծիծաղում էր և խնդրում սպասել, չէ որ ամբողջ տարին առջևում է», – պատմում Եվան։

Որպես կանոն, բանտարկյալները սեղան են գցում և միմյանց հետ կիսվում այն ամենով, ինչ նրանց ուղարկել են տնից, այդպես ապահովվում է ուտեստների բազմազանությունը։  Լինում են կանայք, որոնց ծանրոց չեն բերում, և ընկերուհի բանտարկյալները կիսվում են նրանց հետ։ Մեծ ընտանիքի պես։ Տոնական սեղանին ոգելից խմիչքներ չեն լինում, արգելված է, հյութ են խմում և կոմպոտ։ «Ազատության համար» կենացը բազմաթիվ անգամ է հնչում, և ամեն անգամ խմում են ավելի մեծ ցանկությամբ և տենչանքով։

«Մեր տներում ևս դա առաջին կենացն է։ Նրանք նույնպես պատժված են, և դա ավելի ցավալի է։ Հայ կինը ոչ թե ճաղերի հետևում պետք է լինի, այլ տանը։ Նա պետք է պահպանի օջախը և այն սնուցի սիրով։ Թող այստեղ այլևս ոչ ոք չընկնի և չսխալվի այնպես, ինչպես մենք ենք սխալվել», – ասաց մեր զրուցակիցը։

Իրենց տներում տոնական տրամադրություն գրեթե չի լինում։ Տոնածառ չեն զարդարում, դրասանգը փչացել է և երեխաները դադարել են հավատալ Ձմեռ պապիին։ Նրանք նամակ են գրում, իսկ նա կարդում է դրանք ու արդեն քանի տարի է մայրիկին տուն չի վերադարձնում։ Ծեր տատիկը քաղցր նրբաբլիթներ և մարինացված վարունգ չի պատրաստում։ Իսկ դեկտեմբերի վերջին օրերին ամբողջ ընտանիքը մեծ ծանրոց է պատրաստում և բանտ բերում, որպեսզի մայրիկը ոչ մի բանի կարիք չունենա։