ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի կինը` Զարուհի Մեժլումյանը, խոնարհվում է 23 տարի առաջ սպանված Իոսիֆ Աղաջանովի հիշատակի առջև, ամեն օր է մտածում երիտասարդի չապրած տարիների մասին, բայց չի հավատում Աղաջանովներին։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ լրագրողներին ասաց Մեժլումյանը։
«Չեմ հավատում Աղաջանովներին, որովհետև քրեական գործի նյութերում 2 անձ՝ Արամ Հարությունյանը և Մհեր Ենոքյանը, դատապարտվել են միևնույն հոդվածով: Դա 1961 թվականի քրեական օրենսգիրքն է: Նույն արարքի համար նրանք դատապարտվել են որպես համակատարողներ: Արամ Հարությունյանը, 4 անգամ փոփոխելով ցուցմունքը, ի վերջո, մեղքի մեծ բաժինը բարդում է Մհերի վրա՝ ազատելով իրեն ծանրագույն պատժից: Մեկին տալիս են 15 տարի, մյուսին՝ մահապատիժ: Աղաջանով ընտանիքը Արամ Հարությունյանի պահով որևէ պատիժ չի պահանջում, անգամ չի ասում՝ նրան դատապարտեք: Այն դեպքում, երբ Արամ Հարությունյանը ցուցմունքներ է տալիս, որ այնքան կատաղած էի, որ չեմ հիշում՝ քանի անգամ եմ դանակով հարվածել: Կոկորդին ծանր հարված հասցնողը եղել է Արամ Հարությունյանը»,- ասաց Մեջլումյանը:
Նրա խոսքով՝ եթե դատավճռից հանեն Արամ Հարությունյանի ցուցմունքը, գործն ամբողջությամբ կփլուզվի:
«Հիմա շահարկել այս ամեն ինչը, հանել ջրի երես արյուն և սեքսի ու փաստերի մասին խոսել, լռեցնել հանրությանը և փորձել ազդել որոշում կայացնողների վրա․․․իսկապես ընտրված են շատ ստոր, շատ ցածր մեթոդներ, որոնք պատիվ չեն բերում»,- ասաց Մեժլումյանը:
Սպանված Իոսիֆ Աղաջանովի քույրը` Ելենա Աղաջանովան, Facebook-ի իր էջում գրել է, որ իրենց ընտանիքը դիմելու է դատարան` պաշտոնյայից պահանջելով պատվի և արժանապատվության պաշտպանություն։
«Քանի որ նախ՝ նա մեզ մեղադրում է ստոր մեթոդներով գործելու մեջ, ինչպես նաև չնայած օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայությանը խոսում է մարդասպանի անմեղ լինելու մասին՝ վիրավորելով զոհի՝ եղբորս հիշատակը»,– գրել է նա։
Արդեն մի քանի օր է՝ համացանցում տեղեկություններ են տարածվում, որ շուտով ազատ կարձակվի ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանը։ Տեղեկություն կա, որ ներման հանձնաժողովը՝ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի գլխավորությամբ, դրական եզրակացություն է տվել Մհեր Ենոքյանին ներում շնորհելու նախագծին, և օրերս նրան ներում կշնորհվի։
Ենոքյանը 1996-ին նոյեմբերի 29-ին դատապարտվել է մահապատժի՝ համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Ըստ դատավճռի՝ հանցագործությունը Ենոքյանը կատարել է ընկերոջ՝ գյուղատնտեսական ինստիտուտի ուսանող Արամ Հարությունյանի հետ, որի տանը դաժանաբար սպանել են Իոսիֆ Աղաջանովին: