«Ուտելիքի համաշխարհային ատլասում» հայկական ամենահայտնի ճաշատեսակը խորովածն է

Համեղ ուտեստներ գնահատողների համար ստեղծված ինտերակտիվ կայքում ներկայացվել է հայկական ազգային խոհանոցի ամենատարածված ուտելիքների ցանկը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik. «Ուտելիքի համաշխարհային ատլասի» վարկածով` ամենատարածված հայկական ուտելիքներն են խորովածը, հարիսան, լավաշը և գաթան։

Google-ում որոնեցի, եկա. Հայաստան են գալիս ոչ միայն խորովածի, այլև զգացողությունների համար

World Food Atlas-ը ինտերակտիվ նախագիծ է, որը տեղեկացնում է աշխարհի տարբեր երկրներում հայտնի ճաշատեսակների մասին։ Կարող ես «քլիք» անել երկրի վրա և պարզել, թե որտեղ և ինչպիսի համեղ ուտելիքներ են բնակիչներն ու զբոսաշրջիկները նախընտրում ուտել այս կամ այն պետությունում։ Կայքը ստեղծվել է 2018թ-ին, բայց արդեն բավական տարածված է։

Հայկական ավանդական ճաշատեսակներից բացի, կայքը խորհուրդ է տալիս Հայաստանում համտեսել արևելյան խոհանոցի ուտեստները, քանի որ մեր երկրում դրանք մի քիչ այլ կերպ են պատրաստում։ Օրինակ` թաբուլեն, յալանչին, մանտին և ոսպով ապուրը։

Ցուցակում 33 հայկական համեղ կերակրատեսակ կա։ Ինչ վերաբերում է հարևաններին, ապա Վրաստանի վերաբերյալ նշվել է 40 ճաշատեսակ, իսկ Ադրբեջանի դեպքում՝ 23։

Վրացական ցուցակում ներառվել են սացիվին, պուրին, կուպատին, աջարական խաչապուրին, չաքապուլին և այլն։ Իսկ Ադրբեջանում՝ կուտաբին, լյուլյա քյաբաբը, բուղլաման, դովգան և շեքերբուրան։