Փաշինյանը` խաղաղապահի դերում․ ինչով է ավարտվել ռեստորանատերերի հետ հանդիպումը

Ռեստորանների միության ներկայացուցիչների և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը երեք ժամ է տևել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik. Հայկական ռեստորանների միության ներկայացուցիչներին հաճելիորեն զարմացրել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը։ Նրանց կարծիքով` Փաշինյանը հանդես է եկել խաղաղապահի դերում։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Հայկական ռեստորանների միության համակարգող Աշոտ Բարսեղյանը։

Եթե այդ մարդուն նշանակես նախարար կամ վարչապետ, ամբողջ երկիրը 5 րոպեում կթալանի. Փաշինյան

Այսօր՝ հունվարի 12-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է հանրային սննդի ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Հանդիպմանը, վարչապետ պաշտոնակատարից բացի, մասնակցել են նաև նախարարներն ու նրանց տեղակալները։

Ռեստորանատերերը դեմ են շրջանառության հարկի բարձրացմանը։ Հայաստանում 2018թ-ի հուլիսի 1-ից արտոնագրային վճարը (հարկ քառակուսի մետրից) փոխարինել են շրջանառության 6-տոկոսանոց հարկով։ Այս տարվա հունվարի մեկից ոլորտի համար շրջանառության հարկը նախկին 6 տոկոսի փոխարեն դարձել է 8 տոկոս: Նախատեսվում է, որ 2020 թվականին ևս 2 տոկոսով բարձրանալու է՝ հասնելով 10 տոկոսի: Հարկման համակարգի դեմ դժգոհում է սպասարկման ոլորտի մոտ 200 ընկերություն, պահանջում են, որպեսզի շրջանառության հարկի շեմը մնա անփոփոխ՝ 6 տոկոս:

«Մենք խորհրդակցեցինք երեք ժամ և հանգեցինք նրան, որ անհրաժեշտ է մորատորիում սահմանել հունվարից հարկը բարձրացնելու վրա։ Սակայն մենք առայժմ չենք պայմանավորվել, թե ինչ կլինի հետո և որքան ժամանակով է հետաձգվելու հարկի բարձրացումը», - ասաց Բարսեղյանը։

Ռեստորանատերերը պահանջում են իրենց հինգ տարի ժամանակ տալ և դրանից հետո բարձրացնել հարկը, բայց իշխանությունը դեմ է այդ տարբերակին։

Քաղաքապետարանն ուզում է քանդել Օպերայի մոտ գտնվող սրճարանները. «դըմփ–դըմփ–հու» է լինելո՞ւ

Կողմերին ժամանակ է տրվել, ռեստորանատերերը պետք է բացատրեն, թե որ ուղղությամբ է շարժվելու ռեստորանային բիզնեսը մորատորիում սահմանելու դեպքում և դրա ժամկետի ավարտից հետո։ Փաշինյանի հետ ևս մի հանդիպում կկայանա 10 օրվա ընթացքում։

«Փոխըմբռնում կա տոկոսադրույքն արագ կերպով բարձրացնելու կործանարարության հարցում։ Դա մեր կարծիքով առաջընթաց է։ Մնում է հանգել փոխզիջման այն հարցում, թե որ ուղղությամբ է շարժվելու հարկումը։ Այդ հարցում լիակատար փոխըմբռնում չկա», - ասաց Բարսեղյանը։

Նա նշեց, որ ընդհանուր առմամբ իրենց համար անակնկալ էր, որ կողմերը հանգել են փոխըմբռնման, և առճակատում չի եղել։

Մինչև հունվարի վերջ հայտնի կդառնա՝ ռեստորանատերերը նոր տարում վճարելու են 8 տոկոս, թե ոչ։ Փաշինյանն անձամբ կլուծի այդ հարցը, սակայն այն բանից հետո, երբ կողմերը կհանգեն փոխզիջման մորատորիում սահմանելու ժամկետի և ժամանակի մասին։