ՌԱԴԻՈ

Սիրիա ուղարկվող օգնությունը ոչ միշտ էր հասնում նպատակին. հայերը բացում են փակագծերը

Քաղաքագետ Էդգար Խաչատրյանը և վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության խմբի կազմում Սիրիա մեկնած լրագրող Գոհար Պետրոսյանը Sputnik Արմենիայի «Մութ անկյուն» հաղորդաշարի ընթացքում խոսում են Սիրիա առաքվող մարդասիրական օգնությունների ճակատագրի մասին։
Sputnik

«Նախևառաջ պետք է ապահովել հումանիտար բեռների տեղափոխման գաղտնիությունն ու անվտանգությունը, որպեսզի դրանք զերծ մնան ծայրահեղական գրոհայինների ու կրիմինալ տարրերի ոտնձգություններից»,- շեշտում է Էդգար Խաչատրյանը:

Գոհար Պետրոսյանն էլ նշում է, որ Աֆրին ուղարկվող օգնության մեծ մասը տեղ չէր հասնում։

«Երբ մարտին ես նկարում էի քրդերի ջարդը, Մահիկի ճամբարում նույնիսկ վիրակապ չունեին։ Մահացածների վրայից հանում, ողջերի վրա էին փաթաթում։ Անտեղ հրոսակախմբերը նույնիսկ լրագրողներին էին կողոպտում այն դեպքում, երբ մեր հագին կեղտոտ շապիկներ էին ու զրահաբաճկոններ»,- ասում է նա։

Հիշեցնենք` ՄԱԿ-ի, Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի հովանու ներքո Սիրիա մեկնած հումանիտար ավտոշարասյան դեմ գրոհի ամենաաղմկահարույց միջադեպը գրանցվեց Հոմս քաղաքում, երբ «Իսլամական պետության» գրոհայինները հարձակվեցին 35 մեքենաներից բաղկացած ավտոշարասյան վրա, որոնք դեղորայք, ձմեռային հագուստ և այլ պարագաներ էին տեղափոխում 50 000 մարդու համար: