ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը միջնորդություն է ներկայացրել ՀՔԾ՝ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջով։
Ինչպես հայտնում են փաստաբանական գրասենյակից, միջնորդությունը գործի նախաքննությունը վարող քննիչին ներկայացվել է հունվարի 9-ին։
Դրանում փաստաբանները տեսակետ են հայտնում, որ իրենց պաշտպանյալի նակատմամբ չի կարող կիրառվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը, որով այսօր նրան մեղադրանք է առաջադրված։
Բանն այն է, որ 2008թ.–ին, երբ տեղի են ունեցել մարտի 1-ի իրադարձությունները, քրեական օրենսգրքում նման հոդված գոյություն չի ունեցել։ Իսկ Սահմանադրության 72-րդ հոդվածն արգելում է ՀՀ քաղաքացուն դատապարտել ավելի ծանր պատժի, քան այն, որը ենթակա էր նրան մեղասագրվող հանցանքի պահին։
Սահմանադրության 73-րդ հոդվածով էլ ամրագրված է, որ «իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն»։
Հիշեցնենք`Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301.1 հոդվածով` Սահմանադրական կարգը տապալելը, որն ընդունվել է 2009թ.–ին։ Իսկ մինչ այդ քրեական օրենսգրքում առկա 300 հոդվածը` պետական իշխանությունը յուրացնելը, որը ՀՔԾ–ի մեկնաբանությամբ նույնանում է այսօր գործող 300.1 հոդվածի հետ, Քոչարյանի փաստաբանների համոզմամբ, այլևս իրավական ուժ չունի։
«Քրեական օրենսգրքի նախկին խմբագրությամբ 300–րդ հոդվածն իրավական որոշակիության պահանջներին չհամապատասխանելու պատճառով վերացվել է, ուստի չի կարող հիմք հանդիսանալ քրեական հետապնդման համար»,– ասված է փաստաբանական խմբի ներկայացրած միջնորդության մեջ։
Այս հիմքով փաստաբանները քննչական խմբի ղեկավարին միջնորդում են անհապաղ դադարեցնել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը։ Հակառակ պարագայում, նրանց դիտարկմամբ, դա «կարող է հիմք հանդիսանալ ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու և կամ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքով քրեական պատասխանատվության ենթարկվելու համար»։
Հիշեցնենք` ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։