Կոնգրեսը «պաշտպանվում» է հայկական փայլաթիթեղից. վեճ ԱՄՆ–ի ֆիննախի հետ

ԱՄՆ–ի ֆինանսների նախարարության և կոնգրեսականների միջև վեճ է ծագել Օլեգ Դերիպասկայի ձեռնարկությունների նկատմամբ գործող պատժամիջոցների պատճառով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. ԱՄՆ–ի Կոնգրեսը քննադատում է Օլեգ Դերիպասկայի ձեռնարկությունների նկատմամբ գործող պատժամիջոցները վերացնելու առաջարկը, որը ներկայացրել է ֆինանսների նախարարությունը։

Անհայտ, բայց շատ կարևոր. ինչ ապրանքներ են ուզում արտադրել Հայաստանում 2019 թվականին

Պատժամիջոցները սահմանվել են En+ հոլդինգի և «ԵվրոՍիբԷներգոյի», ինչպես «Ռուսալի» հետ գործարքների վրա։ Վերջինն իր մեծությամբ փայլաթիթեղի երկրորդ արտադրողն է աշխարհում։ «Ռուսալի» փայլաթիթեղի գործարաններից մեկը Երևանում է։ «Ռուսալը» Հայաստանից Եվրամիություն և ԱՄՆ պատրաստի արդյունաբերական արտադրանքի խոշոր արտահանող է։ Պատժամիջոցները տարածվել են նաև հայկական գործարանի վրա, որն ապրիլից չի կարողանում փայլաթիթեղ առաքել ԱՄՆ։

Ինչպես հաղորդում է Bloomberg–ը, Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովների յոթ նոր ղեկավարները դիմել են ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվ Մնուչինին` կոչ անելով չեղյալ չհայտարարել ռուս միլիարդատեր Օլեգ Դերիպասկայի հետ կապված ձեռնարկությունների պատժամիջոցները։

Նախօրեին տարածած հայտարարությունում ԱՄՆ–ի ֆինանսների նախարարը նշել է, որ պատժամիջոցներն ուղղված են Դերիպասկայի դեմ, ոչ թե այդ ձեռնարկությունների, և կհանվեն, եթե Դերիպասկան վաճառի իր հսկիչ փաթեթները։

«Այդ ընկերությունները մեզ աննախադեպ թափանցիկ տեղեկություն կներկայացնեն իրենց աշխատանքի մասին, որպեսզի ցույց տան` Դերիպասկան չի վերադարձնի դրանց նկատմամբ հսկողությունը։ Այդ դեպքում նրանք այլևս չեն ենթարկվի պատժամիջոցների», – նշված է հայտարարությունում։

ԱՄՆ–ն խոչընդոտում է «Ռուսալ Արմենալի» աշխատանքը, ինչը խանգարում է ՀՀ տնտեսությանը. Բաբկո

Մնուչինը և նրա օգնականները պարզաբանումներով ելույթ են ունեցել Կոնգրեսում, բայց դեմոկրատ կոնգրեսականները դժգոհ են մնացել` հայտարարելով, որ ֆինանսների նախարարը «իզուր ծախսել է նրանց ժամանակը»։ Մնուչինն առարկել է, որ բոլոր հարցերի պատասխանները տրվել են։

Ֆինանսների նախարարությունը պատժամիջոցները հանելու որոշումը հրապարակել է դեկտեմբերի 19–ին։ Կոնգրեսը կարող է բողոքարկել որոշումը, բայց առայժմ չի անում դա։

«Ռուսալ Արմենալ» գործարանը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով։ ԱՄՆ առաքվող արտադրանքի փոխարեն ավելացել է Եվրամիությունում վաճառքը։