ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. Forbes–ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդը (փորձագետները նրա կարողությունը 139,6 մլրդ դոլար են գնահատում)` Amazon–ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, հայտարարել է, որ բաժանվում է կնոջից` Մակենզի Բեզոսից, որի հետ ամուսնացել է 25 տարի առաջ` 1993 թվականին։ Նրանց ամուսնալուծության պայմանների մասին դեռ ոչինչ հայտնի չէ, իսկ տխուր իրադարձության մասին նրանք հայտնել են Twitter–ի միջոցով։
Համատեղ հայտարարության մեջ նշված է, որ նրանք «գործընկերներ ու ընկերներ» կմնան։
Ամուսնալուծությունից առաջ զույգը փորձնական բաժանվել է, այդ մասին հայտնի է եղել միայն նրանց ընկերներին և մտերիմներին։
«Մենք անչափ երջանիկ ենք, որ գտել ենք միմյանց և խորապես երախտապարտ ենք միասին ապրած յուրաքանչյուր տարվա համար։ Եթե իմանայինք, որ բաժանվելու ենք 25 տարի անց, մենք, միևնույն է, կամուսնանայինք։ Որպես ամուսիններ` հիանալի կյանք ենք ունեցել, իսկ առջևում մեզ հիանալի ապագա է սպասում` որպես ծնողներ, ընկերներ և տարբեր նախագծերի գործընկերներ... Ամեն դեպքում մենք ընտանիք և սրտակից բարեկամներ կմնանք»։
1980-ականներին Ջեֆ Բեզոսն ու Մակենզի Թաթլը նույն ժամանակահատվածում սովորել են Փրինստոնի համալսարանում, բայց ծանոթացել են միայն 1992 թվականին, երբ երկուսն էլ արդեն ապրում էին Նյու Յորքում և աշխատում էին Ուոլ սթրիթում գտնվող D.E. Shaw ներդրումային հիմնադրամում։ 1993 թվականին ամուսնացել են, իսկ 1994 թվականին տեղափոխվել են Սիեթլ, որտեղ Ջեֆը հիմնադրել է Amazon.com ընկերությունը։
Նրանք 4 երեխա ունեն` 3 որդի և մեկ որդեգրած դուստր։
Մակենզի Բեզոսը գլխավորում է Bystander Revolution հիմնադրամը, որը զբաղվում է դպրոցներում թշնամանք սերմանելու դեմ պայքարով։ Նա հայտնի է նաև որպես գրող, 2006 թվականին Ամերիկյան գրական մրցանակի է արժանացել «The Testing of Luther Albright» գրքի համար։