ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. Հնդիկ չորս ականավոր ճանապարհորդների ցուցակը կազմել է Բանգլադեշի ամենաընթերցվող թերթը` The Daily Star–ը։
Հովսեփ Էմինը` հայ ազատագրական շարժման հիմնադիրներից մեկը, հայտնվել է այդ ցուցակում։
Պարբերականը պատմել է հայտնի հայի կյանքի երեք դրվագների մասին։ Էմինը ծնվել է Իրանում` Համադան քաղաքում, հայ վաճառականի ընտանիքում։
Պետք է նշել, որ չնայած Հովսեփի հայկական ծագմանը, թերթը նրան անվանում է «հնդիկ ճանապարհորդ» և Լոնդոնից Կալկաթա մշտագնացներից մեկը։ Ի դեպ, Կալկաթայում հայ համայնքը առևտրական լայն գործունեություն է ծավալել։ Հոդվածի համաձայն, Էմինը երկար ճանապարհորդել է ամբողջ աշխարհում, որից հետո որոշել է հաստատվել Հնդկաստանում 1770թ–ին։
«Էմինն իր հուշերում նկարագրել է իր բազմաթիվ և վտանգավոր ճանապարհորդությունները։ Գիրքը կոչվել է «Հովսեփ Էմինի կյանքը և արկածները»։ Այն առաջին անգամ հրատարակվել է Լոնդոնում 1792թ–ին։ Նա մահացել է Կալկաթայում 1809թ–ին», – գրում է The Daily Star–ը։
Էմինից բացի ցուցակի մեջ մտել են «պարսից արքայազն» Միրզա Աբու Թալիբ Խանը, Հնդկաստանում սոցիալ–կրոնական ռեֆորմատորական շարժման՝ Բրահմո Սամաջի հիմնադիրը` Ռաջա Ռամ Մոհան Ռոյը, անգլա–հնդկացի ճանապարհորդ, վիրաբույժ և գործարար Սաքե Դին Մահոմեդը։
Նշենք, որ Հովսեփ Էմինը հայ իրականության մեջ եղել է առաջին լուսավորիչը, որն ընդունել է 18–րդ դարի եվրոպական լուսավորչության գաղափարները և ակտիվորեն քարոզել դրանք։ Նա դեմ է եղել ճորտատիրությանն ու եղել է կառավարման հանրապետական ձևի կողմնակից։