Մեծ ծախսեր և կտտանքներ օրգանիզմի համար. տոն, թե՞ սովորույթ

Ամանորի հանգստյան օրերի տևողությունը միշտ էլ վեճերի և տարակարծության տեղիք է տվել` դժգոհություններից մինչև դրանց անհրաժեշտության համար պայքար։ Մի բան ճշմարտացի է` 7 ոչ աշխատանքային օրերը, անկասկած, ինչպես դրական, այնպես էլ ակնհայտորեն բացասական կողմեր ունեն։
Sputnik

Խորհրդային միությունում մինչև 1929 թվականը հունվարի 1-ը տոն օր էր, և բնականաբար` ոչ աշխատանքային։ Իսկ ահա 1929 թվականին սուրբծննդյան տոնածառը հայտարարեցին «տերտերական ավանդույթ» և Ամանորը նշելուց անմիջապես հետո մարդկանց պարտադրում էին աշխատանքի դուրս գալ. Նոր տարվա խրախճանքը սկսեց բացառապես մանկական տոն համարվել, այնպես որ մեծերն աշխատում էին։

Շատ կերանք, ժամանակն է լիցքաթափվելու. ինչպե՞ս վերականգնվել Նոր տարվանից հետո

Սակայն, քանի որ նաև այն ժամանակ դեկտեմբերի 31-ին քչերն էին աշխատանքին լուրջ վերաբերվում, իսկ հունվարի 1-ին բոլորը հայտնվում էին նորմային ոչ համապատասխան վիճակում, 1947 թվականին որոշում ընդունվեց տարվա առաջին օրը ոչ աշխատանքային համարել. Փաստացի, ոչ պաշտոնապես, այդպես էլ կար։

Արդեն ավելի ուշ Ամանորի հանգստյան օրերը երկարաձգվեցին մինչև 7-10 օր։ Հոգեբանները նշում են, որ նման երկարատև արձակուրդները նույնիսկ օգտակար են. հավելյալ արձակուրդները վատ եղանակին և ցրտին դեռ ոչ մեկին չեն խանգարել։ Թերապևտները գործընկերների հետ այդքան էլ համակարծիք չեն. նրանք լավ գիտեն օրգանիզմի հնարավորություններին չհամապատասխանող սննդի ընդունումն ու, դրան զուգահեռ, ալկոհոլային խմիչքների չարաշահումն ինչ հետևանքների է բերում։

Իսկ ահա տնտեսության պարագայում միանշանակ է, որ ոլորտը տուժում է՝ բավական գումար կորցնելով։

Արդյունաբերական արտադրությունը (որով Հայաստանն արդեն 3 տասնամյակ չի կարող պարծենալ) ընկնում է մոտ 20 տոկոսով. իսկ երկիրն այն վիճակում չէ, որ իրեն նման շռայլություն թույլ տա։ Բացի այդ, բիզնեսը միևնույնն է ստիպված է այդ օրերի համար աշխատավարձ, հարկեր և վարձակալության գումար վճարել. զրոյական եկամտի պայմաններում։

Արսեն Թորոսյանը դժգոհ է երկարատև հանգստից

Դեռ անցած տարի վարչապետ Կարեն Կարապետյանը  հանձնարարել էր մաքսային ծառայությանը և առևտրային բանկերի ներկայացուցիչներին Ամանորի տոների համար աշխատանքային գրաֆիկ մշակել։ Այս տարի մաքսակետը ևս աշխատում էր, ինչ վերաբերում է բանկերին (այն մասնաճյուղերին, որոնք մաքսային գոտիներից դուրս են գտնվում), ապա նրանք լիարժեք հանգստացել են։ Քաղաքում բանկոմատներից շատերում, օրինակ, սուպերմարկետների տարածքում գտնվողներում, կանխիկ գումար չկար, որոշ սարքեր էլ ընդհանրապես չէին աշխատում։

Իսկ բուժհաստատությունների հետ կապված հարցն աստիճանաբար անընդունելի է դառնում, հատկապես գրիպի և սուր շնչառական հիվանդությունների շրջանում, և արդեն ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն է կարծում, որ մանկական հիվանդանոցների համեմատաբար ծանրաբեռնված լինելը պայմանավորված է պոլիկլինիկաների հանգստով, ինչն անթույլատրելի է։

«Ոչ աշխատանքային օրերը կրճատելը, բացի տնտեսական և այլ նպատակներից, ունի նաև բնակչության առողջական վիճակը բարելավելու հստակ նպատակ», – ասում է Թորոսյանը։

Ասածն, իհարկե չի տարածվում «Շտապօգնության» աշխատակիցների վրա, որոնք ինչպես միշտ հերոսաբար հերթապահում էին շուրջօրյա։ Բայց ասում են, որ եղել են դեպքեր, երբ «շտապօգնությունը» մարդկանց հիվանդանոց էր հասցրել, բայց այնտեղ բժիշկներ չեն եղել:

Գուցե սա սոցցանցերից սկիզբ առած հորինվածքներ են, որոնք իրականության հետ որևէ կապ չունեն. կուզեինք հավատալ։

Այս տարի զբոսաշրջության պետական կոմիտեին և մշակույթի նախարարությանը հաջողվել է համոզել թանգարաններին և ռեստորանատերերից շատերին աշխատել գոնե հունվարի 3-ից՝ զբոսաշրջիկների հարմարության համար. չէ՞ որ և՛ Հայաստանում, և՛ Արցախում, ձմռան հանգիստն անցկացնելու մի շարք վայրեր կան։ Այսօր բիզնեսի այդ տեսակները կարող են համարել, որ անիմաստ մի քանի օր չեն կորցրել։

Ինչպես փաթաթեմ տոլման, կամ դուրս վռնդեք իմ հյուրերին․զվարճալի դեպքեր փրկարարների Ամանորից

Եվ այսպես, արդյո՞ք Ամանորի երկարատև արձակուրդները պետք են, թե՞ ոչ։ Անկասկած, դրականի կողքին կա նաև ակնհայտ բացասականը, իսկ Սողոմոնի ճշմարտությունը, ինչպես ասում են, մեջտեղում է գտնվում։ Ինչ վերաբերում է ռազմավարական տեսանկյունից կարևոր, կենսական անհրաժեշտություն ունեցող ծառայություններին և գերատեսչություններին, այստեղ, հավանաբար, ամեն ինչ պարզ է. դրանք առանց այդ էլ աշխատում են անդադար։

Մյուսների պարագայում, գուցե, իմաստ կա հունվարի 3-ից աշխատանքի դուրս գալ, գումարած մեկ օր Սուրբ ծնունդը նշելու համար։ Եվ ինչ արած, որ մեկ հանգստյան օր մյուսներից ընդամենը երկու օրով է բաժանում։ Չէ՞ որ գրեթե նույն իրավիճակն է մայիսյան տոների ժամանակ. մայիսի 1-ին և 9-ին, և որևէ մեկը չի դժգոհում։

Կարելի է նաև ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա. տարիներով այսպես ենք ապրել, սովորել ենք արդեն։ Մարդիկ Նոր տարվա օրերի համար հսկայական գումարներ են ծախսում. մեկ օրվա համար հո՞ չէ, թող մեկ շաբաթ ուրախանան։ Չէ՞ որ սա բացասական լիցքերից ազատվելու և նյարդային համակարգը հանգստացնելու տարբերակ է։