Ամանորի գիշերը Կարագանդայում տեղի ունեցած վիճաբանության մասնակիցներից մեկը՝ այժմ համապետական հետախուզման մեջ գտնվող Նարեկ Գուրուրյանը տեսաուղերձ է հղել: Տեսաուղերձը հրապարակվել է ոմն Նուրլան Աբիլդինի Facebook-ի էջում: Առաջին հայացքից՝ էջը չի կարելի ֆեյք համարել, Նուրլանը ներկայանում է որպես «Ղազախստան» պետական հեռուստաալիքի աշխատակից:Տեսաուղերձում Նարեկ Հովնանի Գուրուրյանը, ներկայանալուց հետո, նախ իր ցավակցությունն հայտնում զոհվածի ընտանիքին:
«Ցանկանում եմ ասել, որ ոչ ոքի չեմ սպանել: Այն չարաբաստիկ գիշերը ես «Հին Հռոմ» ռեստորանում մասնակցել եմ զանգվածային ծեծկռտուքին, սակայն ոչ ոքի չեմ սպանել»,-ասում է Գուրուրյանը:
Նա պնդում է, որ պատրաստ է հանձնվել Ղազախստանի Հանրապետության իշխանություններին և խնդրում է ապահովել իր անվտանգությունն ու թափանցիկ հետաքննություն անցկացնել:
«Ես պատրաստ եմ պատասխան տալ իմ արարքների համար, սակայն ուրիշի մեղքն ինձ վրա չեմ վերցնի: Ես մարդասպան չեմ», - ասում է երիտասարդը հրապարակված տեսագրության մեջ:
Հիշեցնենք` դեկտեմբերի 31-ի, լույս հունվարի 1-ի գիշերը Ղազախստանի ռեստորաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է դանակահարությամբ։ 23-ամյա երիտասարդ է մահացել, ևս երեքը տուժել են։ Վեճի մասնակիցների հստակ թիվը հայտնի չէ, բայց, որոշ տվյալների համաձայն, վեճին մի քանի տասնյակ մարդիկ են մասնակցել։
Ծեծկռտուքի և սպանության փաստով ձերբակալել են 7 մարդու, որոնցից 5-ը կալանավորվել են։ Նարեկ Գուրուրյանի նկատմամբ համապետական հետախուզում է հայտարարվել։ Քրեական գործեր են հարուցվել Ղազախստանի ՔՕ 99 («սպանություն») և 293 («խուլիգանություն») հոդվածներով։
Սպանությունից հետո սոցցանցերում սկսել են հայերի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու կոչեր հնչել, ըստ որոշ տեղեկությունների` Ղազախստանում բողոքի ակցիաներ են անցկացվում։ Այս կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ազգամիջյան թշնամանք հրահրելու վերաբերյալ։